Արման Աբովյանը դիմել է ոստիկանություն՝ ԱՄՆ-ում մրցանակի արժանացած հայ լրագրողի ներկայացրած պատմությունների իսկությունը ճշտելու համար
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է հայ լրագրող Լյուսի Քոչարյանի՝ ԱՄՆ-ում արժանացած մրցանակի վերաբերյալ լուրերին:
«Եթե չեմ սխալվում, տիկին Քոչարյանն այդ մրցանակն ստացել է նաև իր նախաձեռնության համար, որն անվանել է «բռնության ձայն»։ Իմաստն այն էր, որ տիկին Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իբր բռնության ենթարկված կանանց պատմությունները։ Այդ սարսափազդու պատմությունները կարդալուց հետո ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանն ուղղակի ողողված է վայրենի բռնաբարների, և օրինակ Երևանյան փողոցներում կատաղած տղամարդիկ անդադար ծեծում և բռնաբարում են կանանց»,- գրել է Աբովյանը և հավելել, որ կասկածելի զուգադիպությամբ, այդ պատմությունները ջրի երես դուրս եկան այն ժամանակ, երբ շատ ակտիվ սկսեց Ստամբուլյան կոնվենցիայի գովազդը Հայաստանում։
«Ոչ մի իրական ապացույց այդ պատմություններից այդպես էլ չհրապարակվեց»,- գրառման մեջ նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ պատճառով հարցում է ուղարկել ոստիկանություն, որպեսզի հայտնի դառնա այդ պատմությունների իսկությունը։
«Պատասխանը ստանալուց հետո ես անպայման կհրապարակեմ իմ վերջնական եզրակացությունները, և մենք միասին կանենք հետևություններ «բռնության» այս էպոպեայի շուրջ»,- գրել է Աբովյանը:



