երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Արհեստական բանականությունը և անվտանգությունը. ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ Եվրոպոլի համաժողովին

Արհեստական բանականությունը և անվտանգությունը. ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ Եվրոպոլի համաժողովին

Սեպտեմբերի 28-ից 30-ը Եվրոպոլի կենտրոնակայանում կայացել է Եվրոպայի ոստիկանության ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Եվրոպոլում ՆԳՆ ներկայացուցիչ Արա Ֆիդանյանը։ 

Համաժողովի նպատակն էր անվտանգության սպառնալիքների դիմակայումը և իրավապահ համակարգերի միջև միջազգային համագործակցության ընդլայնումը։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող կիբեռհանցագործությունների, խարդախությունների ու ապատեղեկատվական արշավների հակազդումը, ինչպես և դրանց դեմ պայքարում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների ներդրումը: Մասնակիցներն անդրադարձել են նաև առցանց ծայրահեղականությանը, հիբրիդային սպառնալիքների բացահայտմանը, տվյալների միջսահմանային փոխանակմանն ու վաղ միջամտության ծրագրերի մշակմանը:

Անդրսահմանային հանցավորությունը կասեցնելու նպատակով կարևորվել է ոստիկանական և մաքսային համագործակցության ամրապնդումը, ինչի շրջանակում Եվրոպոլի և Մաքսային համաշխարհային կազմակերպության միջև ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր (2026–2027 թթ.)։ 

Միջոցառման ընթացքում կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ ՀՀ ՆԳՆ արդյունավետ փոխգործակցությունը՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգային սպառնալիքներին համատեղ դիմակայելու գործում։

Այցի ընթացքում Արթուր Բարսեղյանը հանդիպել է նաև ԱՄՆ և Իսպանիայի պատվիրակությունների, ինչպես նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի պաշտոնակատար Յուրգեն Էբների հետ։
Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

  • Կիսվել: