ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արգելոցի պահաբաժիններից մեկում հրդեհ է բռնկվել»․ ԱԻ և ՇՄ նախարարները վարժանքի են մասնակցել

«Արգելոցի պահաբաժիններից մեկում հրդեհ է բռնկվել»․ ԱԻ և ՇՄ նախարարները վարժանքի են մասնակցել

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ հետևել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում անցկացված «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հատկապես անտառային հրդեհների առաջացման վտանգների այս ժամանակահատվածում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է այսօրինակ վարժանքների դերը անձնակազմերի փրկարարական և հրդեհաշիջման հմտությունների կատարելագործման և միջգերատեսչական աշխատանքների փոխգործակցության համակարգման և ներդաշնակեցման հարցում։

 

«Բացի հմտությունների կատարելագործումից՝ սա նաև հիանալի հնարավորություն է ստուգելու արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ»,-նշել է նախարարը:

Սցենարի համաձայն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցը նկարահանող տեսախցիկի միջոցով նկատել է, որ արգելոցի Խաչաձոր տեղամասի պահաբաժիններից մեկում հրդեհ է բռնկվել:

Մարման աշխատանքները չի հաջողվում լիարժեք իրականացնել սեփական ուժերով. օգնության է հասել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհի մասին ահազանգ է փոխանցվել Արարատի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն: Ուսումնավարժությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի անձնակազմը, ԱԻ նախարարության փրկարար ծառայությունը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդու, Մասիսի, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատները, Ուրցաձորի և Վեդու հրշեջ կամավորական ջոկատները, Կոտայքի վարչության Աբովյանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Գառնու հրշեջ կամավորական ջոկատը, ՓԾ բժշկական ապահովման և հոգեբանական աջակցության վարչությունները, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը:

 

Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, 71 կամավոր, նաև անօդաչու թռչող սարքեր և պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ:

Գործողություններն իրականացվել են երկու տեղամասերում՝ Արարատի և Կոտայքի կողմից, կառավարումը՝ արգելոցի Արարատի հատվածում ծավալված շտաբից ԱԹՍ-ների միջոցով:

  • Կիսվել: