Արդարությունը մինչ այժմ չի վերականգնվել. Մնացականյան
Մենք խոնարհում ենք մեր գլուխները, սակայն չենք լռում: Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
Նա նշել է. «Իրականում մենք պետք է մեզ հաղթող զգանք: 105 տարի առաջ մեզ ցանկանում էին ոչնչացնել: Մենք ամուր կանգնած ենք ոտքի վրա: Մեզ հաջողվեց պաշտպանել մեր ինքնությունը, ստեղծել պետություն, հզոր Սփյուռք: Դա մեր պատասխանն է հանցագործներին»,-ասել է նա:
Մնացականյանի խոսքով՝ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների 4-5 սերունդ կա, սակայն մինչ այժմ չի վերականգնվել արդարությունը:
Նախարարը նշել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը 22 տարիների ընթացքում Հայաստանի կարևորագույն նպատակներից է: Այդ ուղղությամբ, նրա խոսքով, հանրապետությունն անում է հնարավորը՝ համապատասխան գործիքակազմի մշակման համար, այդ թվում ՝ միջազգային գործընկերների եւ կազմակերպությունների հետ ակտիվ փոխգործակցության պայմաններում:
Մնացականյանի խոսքով ՝ ցեղասպանությունների վտանգ կա նաև այսօր, և դա վերաբերում է նաև խոցելի խմբերին, որոնք կարող են բախվել հալածանքների և բռնությունների: Այդ կապակցությամբ նա նշել է միջազգային հանրության հանձնառությունը՝ միավորել ջանքերը և անել հնարավորը ՝ նման հանցագործությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար: Հենց անպատժելիությունն է, ըստ նախարարի, որ կարող է հանգեցնել ցեղասպանության իրականացման վտանգի։


