Արդարադատության փոխնախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության Համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Մարչենկովի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:
«Քննարկվել են Կոնգրեսի կողմից Հայաստանում 2019 թվականից իրականացվող տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին և բաց կառավարման սկզբունքի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարարն իր խոսքում վերահաստատել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը եղել և մնում է Կառավարության գործունեության առաջնահերթություններում և ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող գործողությունները»,- տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային գործընկերների կողմից մշակված տեղական մակարդակում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման գործիքի կիրառմանը և դրա արդյունավետությանը, ինչպես նաև քննարկվել են ազգային և տեղական մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի խթանմանն ուղղված այլ հարցեր՝ հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով:
Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել և աշխատանքային հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: