երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանվածները կընդգրկվեն ՀՀ-ում գործող քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերում

Արցախից բռնի տեղահանվածները կընդգրկվեն ՀՀ-ում գործող քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրերում

Առողջության  առաջնային պահպանման հաստատություններում գրանցվելու պահից արցախցի հայրենակիցները անվճար կօգտվեն այն բոլոր բժշկական ծառայություններից, որոնք նախատեսված են գործող ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ կընդգրկվեն քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման սքրինինգային ծրագրերում։ Այս մասին ասաց ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը «Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս» թեմայով ասուլիսի ժամանակ, հայտնում է med.news.am-ը:

«Ես ուզում եմ խնդրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին ՝ օր առաջ դիմել մոտակա,  ձեզ հարմար և նախընտրելի առողջության առաջնային պահպանման հաստատություն՝ պոլիկլինիկա, ամբուլատորիա, առողջության կենտրոն, գրանցվել, իրազեկվել ձեր իրավունքների և արտոնությունների մասին և ըստ այդմ՝ ստանալ կանխարգելման, վաղ հայտնաբերման, անհրաժեշտության դեպքում նաև բուժման և շարունակական հսկողության այն ամբողջ ծավալը, որը նախատեսված է ՀՀ-ում»,- ասաց Քնար Ղոնյանը:

Նա նշեց, որ առողջության  առաջնային պահպանման հաստատությունում գրանցվելուց հետո առաջին իսկ այցի ժամանակ, կանխարգելման միջոցառումների աշխատանքներից բացի, որոնց ընթացքում բժիշկները կրծքագեղջի ինքնազնման տեխնիկայի ուսուցում են իրականացնում և ներկայացնում գործող ծրագրերը, պացիենտը նաև իրազեկվում է իր բոլոր իրավունքների և արտոնությունների մասին:

Նա հիշեցրեց, որ գործում են նաև առանձնացված վաղ հայտնաբերման սքրինինգային և ՝ քրծքագեղձի վաղ հայտնաբերման ծրագիրը, որը գործում է մարզերում, և կրծքագեղձի քաղցկեղի դեղաապահովման ծրագիրը։  Բացի այդ իրականացվում է բուժօգնությունը. հաստատված ախտորոշման առկայության դեպքում պետությունը ամբողջությամբ ապահովում է չարօրակ նորագոյաթությամբ պացիենտների բժշկական օգնությունը և իրականացնում վիրաբուժական միջամտությունների սպասարկումը: Ամբողջությամբ անվճար է նաև ճառագայթային բուժումը այն բոլոր պացիենտների, որոնք  ունեն հաստատված չարօրակ նորագոյացություն ախտորոշումը և ունեն բժշկական ցուցում՝ ճառագայթային թերապիա իրականացնելու:

«Գործում է նաև արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային պետական ծրագիր, որը մեր հայրենակիցները կարող են անցնել՝ դիմելով պոլիկլինիկա և գրանցվելով: Բացի դրանից՝ չարորակ նորագոյացություն ախտորոշմամբ պացինետներին ապահովում ենք այն բոլոր հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, որոնք ըստ ցուցումների նախատեսված է իրականացնել»,- հավելեց Քնար Ղոնյանը:

  • Կիսվել: