Բնակարանաշինության աջակցություն ենք տալիս նաև այն բնակավայրերին, որտեղ դպրոց ենք կառուցել. Խաչատրյան
Սահմանամերձ բնակավայրերում իրականացվում է 16 միլիոնների ծրագիրը. որոշ գյուղերում այս տարի այդ քվոտաներով շինարարություններ կսկսվեն, իսկ որոշ գյուղերում դրանք չեն սպառվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ նա հարցրեց. «Ինչպե՞ս եք վերաբերվում այն առաջարկին, որ այդ քվոտաները մինչև տարվա վերջ կրկին վերաբաշխվեն, այսինքն տրվեն այն գյուղերին, որտեղ պահանջարկը կա, և վերցվեն այն գոյւղերից, որտեղ այդ պահանջարկը չկա»։
Խաչատրյանն ի պատասխան նշեց. «Մենք հիմա այդ աջակցությունը տրամադրում ենք ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում, այլև այն բնակավայրերում, որտեղ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարել սոցիալական ենթակառուցվածքներում, հատկապես դպրոցաշինության բնագավառում, և ունենք կարիք այդտեղ մշտապես բնակվող և դպրոց հաճախող երեխաների և երիտասարդ ընտանիքների, որոնք ունեն այդպիսի կազմ։ Ձեր հարցի հետ կապված՝ վախենամ, որ առանց հստակ չափորոշչի այդպիսի բան անել չենք կարող»։



