կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախցիները ՀՀ-ում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն. Թորոսյան

Արցախցիները ՀՀ-ում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այն հիմք կծառայի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կազմակերպվի նաև ստացիոնար բուժումը` մի շարք ծառայությունների մասով:

Նախարարը կարևորել է, որ արցախցի երեխաները դուրս չմնան իմունականխարգելման գործընթացից և այդ առնչությամբ նշել է, որ արդեն իսկ ծրագրի ղեկավարին հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հարցի կարգավորման նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև պետական ծրագրերով տրամադրվող դեղերը շահառուներին անխափան հատկացնելու ուղղությամբ:

Նախարարները քննարկել են նաև ապագայում Արցախում վերաբնակեցմանը նպաստող առողջապահական մի շարք ծրագրեր:

Միքայել Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և մասնավորապես Արսեն Թորոսյանին` մշտապես արցախի ժողովրդին աջակցելու և հատկապես պատերազմական այս ծանր օրերին բժշկական օգնության կազմակերպման գործում անհրաժեշտ լուծումներ տալու համար:

  • Կիսվել: