կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախցի կանայք նավթով լցված շշեր ու արյունոտ մանաթներ հանձնեցին Միացյալ Թագավորության դեսպանությանը

Արցախցի կանայք նավթով լցված շշեր ու արյունոտ մանաթներ հանձնեցին Միացյալ Թագավորության դեսպանությանը

Այսօր արցախցի կանայք բողոքի ակցիա իրականացրին Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության առջև։

Արցախցի կանանց նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը հիշեցրեց 1900-ականներին տեղի ունեցած Շուշիի ցեղասպանությունը, որը, ըստ նրա, կատարվել է բրիտանացիների աջակցությամբ։ «Դուք խուլ նստեք երկաթե դարպասներից այն կողմ և ձևացրեք, որ չեք լսում մեր ձայնը, չեք տեսնում մեզ, բայց դուք արյան մեջ եք թաթախված դեռևս 1900-ականների Շուշիի ցեղասպանությունից։ Այս գիշեր, երբ արդեն թշնամին Շուշիից 5 կիլոմետր հեռավորության վրա էր, մեր նախնիները մեզ ոգեկոչում էին պատմել Շուշիի ցեղասպանության մասին, երբ իբր օգնության են գալիս բրիտանական ջոկատները և սպայակազմը, տեղի ազգային խորհրդին հավաստիացնում, որ կարող եք հանգիստ քնել, ու թուլացնում էին մեր պաշտպանությունը Շուշիում: Այդ ժամանակ մեր հարազատները, թուլացնելով պաշտպանությունը, կոտորվում են թուրքի ձեռքով»,- նկատեց Լիանա Ադամյանը։

Նա Մեծ Բրիտանիային կոչ արեց այլևս հանցագործ չլինել, օգտվել այս առիթից և քավել մեղքերը։ «Դուք 1 դար է՝ լուռ եք, 1 դար է՝ խուլ եք, 1 դար է՝ ձեր պատմությունը թաթախված է մեր արյան մեջ»։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ Մեծ Բրիտանիան նավթային շահերը ազգային շահերից բարձր է գնահատում։ «Ի՞նչ է նշանակում այս օրերին British Petrolium-ի այն հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՞վ է British Petrolium-ը, և ո՞վ եք դուք, ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, եթե մենք ցեղասպանվում ենք մեր երկրում»։ Նա կոչ արեց Մեծ Բրիտանիային հանցագործ չդառնալ, օգտվել ստեղծված իրավիճակից և քավել մեղքերը ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։

Արցախցի կանայք նաև շնորհակալություն հայտնեցին այն մարդկանց, քաղաքական գործիչներին ու պետություններին, որոնք լսելի են դարձնում Արցախի ձայնը։

Ակցիայի մասնակիցները նավթով լցված շշեր, արյունոտ մեկ մանաթներ և նամակ հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանությանը։ «Թող այս նավթը խմեն ու հագենան»,- նշեց Լիանա Ադամյանը։

Հիշեցնենք, որ արցախցի կանայք վերջին շրջանում բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի առջև։

 
 

  • Կիսվել: