երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար

Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, բարեփոխումների, կարևոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկող բնույթ ունեցող տեղեկատվական ձայնային հոլովակների հեռարձակման համար ռադիոեթերաժամանակի ձեռքբերման անհրաժեշտությամբ։Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել թվով ռադիոընկերություններից ձեռք բերել ռադիո եթերաժամանակ՝ իրազեկման առավել մեծ ծածկույթ ապահովելու նպատակով։

Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման ընթացակարգի շրջանակում յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրված ճանաչվել առավելագույնը մեկ չափաբաժնի մասով։

Եթե մրցույթի շրջանակում մասնակիցը ներկայացրել է մեկից ավելի չափաբաժինների մասով ցածր գնային առաջարկներ և վերջինիս հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխանող, ապա այդ մասնակիցն ընտրված է ճանաչվում իր կողմից ներկայացված գնային առաջարկներից նվազագույն գնային առաջարկը պարունակող մեկ չափաբաժնի մասով, իսկ նվազագույն գների հավասարության դեպքում՝ ըստ այն չափաբաժնի, որը հրավերով պարունակում է հեռարձակման առավելագույն քանակ։

Նախագծի հաստատման արդյունքում ռադիոեթերաժամանակի հատկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման ընթացակարգով առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ, որոնց ընթացքում կհեռարձակվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, բարեփոխումների, կարևոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկող բնույթ ունեցող տեղեկատվական ձայնային հոլովակներ։

  • Կիսվել: