Արաքս գետը աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով. Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոն
Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով Արաքս գետի աղտոտման և Արաքսի մերձակա տարածքի բնակիչների առողջությանը սպառնացող վտանգի մասին հաղորդումների հրապարակումից հետո, Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտարարեց, որ այս գետը մշտապես և ամեն տարի ենթարկվում է մոնիտորինգի և աղտոտված չէ Հայաստանի ռադիոակտիվ նյութերով, գրում է parstoday.ir-ը:
Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի հայտարարության համաձայն՝ Արաքս գետը վերջին անգամ ստուգվել է մոտ երեք ամիս առաջ, և այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտման դեպքի։
Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնն անդրադառնալով ԶԼՄ-ներից մեկի տեղեկատվությանը Արաքս գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մասին , հայտարարել է,-«Արաքս գետը մշտապես ենթարկվում է մոնիտորինգի՝ ճառագայթային, ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ դեպքերի առումով, և շուտով այդ տարածքում կտեղադրվեն առցանց մոնիտորինգի սարքեր»:
Երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պարզաբանումներում նշվում է. -«Հաշվի առնելով Արաքս գետի շրջակայքում բնակվող հայրենակիցների մտահոգությունները, երկրի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը շեշտում է, որ Արաքս գետը տարին առնվազն մեկ անգամ ենթարկվում է ճառագայթային մոնիտորինգի»։
Ըստ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի պատասխանատուների և փորձագետների՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի և նշված տարածքի միջև հեռավորությունը շատ մեծ է, և այս ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի և կեղտաջրերի Արաքս գետ արտահոսելու և այն աղտոտելու հնարավորությու չկա: