հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Առաջարկվում է քրեականացնել ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

Առաջարկվում է քրեականացնել ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու, կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

Նշված արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:

  • Կիսվել: