շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն:
Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու պայուսակում խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող լիցքավորված հրազեն, իսկ Աճառյան փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդու պայուսակում` լիցքավորված թմբուկավոր ատրճանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ երկուսն էլ մարտական զենք են:

41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 39-ամյա տղամարդու նկատմամբ` տնային կալանքը:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: