ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյան-Հակոբյան հարաբերություններում տևական լարվածության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծությանը նախորդել են տարիներ շարունակվող լարված հարաբերությունները, որոնք հատկապես սրվել են 2019-2020 թվականներին և 2025-ի կեսերին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ 2019-2020թթ․ նրանք մոտ մեկ տարի կամ ավելի միասին չեն ապրել, սակայն երկուստեք ջանքերով կարողացել են հաղթահարել ճգնաժամը: Իրավիճակը կրկին սրվել էր 2025-ի կեսերին:
Հակոբյանի՝ Չինաստանում ուսանելու ծրագիրը, ըստ պարբերականի, նույնպես պայմանավորված է եղել այդ ճգնաժամով, սակայն մեկնելը չի փրկել քաղաքացիական ամուսնությունը: Պարբերականի տեղեկություններով՝ վերջին երեք ամիսներին Հակոբյանը գտնվել է Սևանի կառավարական ամառանոցում: Հակոբյանը 2026 թվականի փետրվարի վերջին տեսանյութ էր հրապարակել և հայտարարել 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվելու մասին:
Նա, մասնավորապես, նշել էր, որ փետրվարի 25-ին լքել է կառավարական առանձնատունը: Փաշինյանը, անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանը, սոցցանցում գրել էր, որ այս որոշմանը վերաբերվում է հարգանքով։


