Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը համագործակցության հուշագիր են ստորագրել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սողոյանը ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում համագործակցության հուշագիր են ստորագրել:
Պետություն-մասնագիտական հանրույթ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրելու առաջարկն Անահիտ Ավանեսյանն արել էր ավելի վաղ` նախարարի մասնակցությամբ ՀԲԱ խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստի ժամանակ:
«Այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք երկուստեք ձեռք են բերվել, այսօր կվերահաստատենք համագործակցության հուշագրի ստորագրմամբ»,- նշել է նախարարը` հույս հայտնելով, որ համագործակցության արդյունքում մասնագիտական փորձառություն ունեցող հանրույթի ձայնն առավել լսելի կդառնա:
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ընդգծել է. «Պետական ապարատը և մասնագիտական հանրույթն ինստիտուցիոնալիզացնում են իրենց համագործակցությունը: Երկու կողմն էլ ձեռք բերեց վստահելի գործընկեր»:
«Նշանակալի իրադարձություն է, երբ պետությունն՝ ի դեմս առողջապահության նախարարության և մասնագիտական հանրույթը ՝ ի դեմս «Հայկական բժշկական ասոցիացիայի», երկուստեք համագործակցության ձեռք են պարզել»,- ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Ներկաները շեշտել են՝ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի առողջապահության համակարգի համար նշանալի իրադարձություն է, որը կնպաստի հուշագրով նախատեսված ուղղություններում աշխատանքներն ավելի համակարգված և արդյունավետ դարձնելուն: