շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
«Ամուլսար» նախաձեռնություն․ Պահանջ է դրվում ուժը կորցրած ճանաչել «Էլարդ»-ի  ՇՄԱԳ փաստաթուղթը

«Ամուլսար» նախաձեռնություն․ Պահանջ է դրվում ուժը կորցրած ճանաչել «Էլարդ»-ի  ՇՄԱԳ փաստաթուղթը

«Ամուլսար» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես պահանջ է դրվում ուժը կորցրած ճանաչել Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Հաշվի առնելով Ամուլսարի խնդրի շուրջ վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները՝

-Լիդիան Արմենիա կազմակերպության պահնորդային խմբի փոփոխությունը, որը զուգորդվեց դիրքապահ շան ձագերի դիտավորյալ և դաժան սպանությամբ,

-Առանց պայմանավորվածության դիրքերից տեխնիկա ներս մտցնելու փորձերը և դրանց հաջորդող իրարանցումները,

-Առանց պայմանավորվածության պարբերական բնույթ կրող անհասկանալի մարդկանց տարածք մուտք գործելը,

- Երեկ՝ 27․07․20 երեկոյան ժամին տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդված տարածքային ոստիկանության միջամտությամբ և դիրքապահ տղաների ձերբակալությամբ,

-հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թվարկված իրադարձությունները սադրել է հանքը շահագործել ցանկացող կազմակերպությունը` համավարակի հետևանքով սահմանված արտակարգ իրավիճակի ընթացքում և հատկապես, երբ հայ-ադրբեջանական սահմանում տիրել է պատերազմական իրավիճակ,

-շեշտելով նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում բացահայտվել են 5 տասնյակից ավել ազգությամբ թուրք բաժնետերեր, պահանջում ենք ՀՀ կառավորությունից հետևյալը՝

1․ Ուժը կորցրած ճանաչել կազմակերպության կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը, հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։

2․ Խիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը, հետևողական լինել նրա կողմից կազմակերպված սադրանքների բացահայտմանը և պատժել օրենքի ողջ խստությամբ։

Լիդիան կազմակերպության նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն, ինչն առիթ է դառնալու հանրային մեծ ըմբոստության։

Հրապարակելով այս պահանջը, նախաձեռնությունը ակնկալում է կառավարության արագ արձագանքը գործողությունների տեսքով»»։

  • Կիսվել: