հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ամփոփվել են համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները

Ամփոփվել են համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները

Մայիսի 7-ին կայանալիք համապետական ծառատունկին ընդառաջ այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել կատարված աշխատանքների ամփոփում-քննարկում։
 
Նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները նախարարին են ներկայացրել ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
 
Նախարարին են ներկայացվել ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
 
Նախարարը խնդրել է գործընկերներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։
 
ՇՄ նախարարությունից հիշեցնում են՝ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ), Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։
Ծառատունկ կիրականացվի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։
 

  • Կիսվել: