հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի Ամիրյան փողոցը հնարավոր է՝ անվանակոչվի Բեկոր Աշոտի անունով

Երևանի Ամիրյան փողոցը հնարավոր է՝ անվանակոչվի Բեկոր Աշոտի անունով

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում 25 հարց է ընդգրկված։ Այս մասին  տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքէջից։

Որոշման նախագծերից մեկով ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անունով։ «Սերնդափոխությունը ենթադրում է քաղաքական հայացքների փոփոխություն, ու, ըստ այդմ, յուրաքանչյուր գործունեություն պետք է համապատասխանի տեղին, ժամանակին, ժողովրդի պահանջներին:

Արցախի ազատագրական պայքարում Աշոտ Ղուլյանի ունեցած ներդրումը միանգամայն հիմնավորում է փողոցը նրա անունով վերանվանելու նախագիծը: Արցախը «կենդանի» պահելու մի հյուլ էլ դա կլինի։ Սույն նախագծով առաջարկվում է անվանափոխել Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցը Արցախյան ազատամարտի մասնակից, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ, Ասկոլկա) անունով»,- ասված է ավագանու ընդդիմադիր անդամի հեղինակած նախագծում։

Ամիրյան փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և հասնում մինչև Սարյան փողոց։ Նշենք, որ հրապարակախոս Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկյան հեղափոխական, Բաքվի 26 կոմիսարներից։

  • Կիսվել: