հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալլահշուքյուր Փաշազադեի արձագանքը այն չէր, ինչ մենք ակնկալում էինք. Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում Մոսկովյան հանդիպումից

Ալլահշուքյուր Փաշազադեի արձագանքը այն չէր, ինչ մենք ակնկալում էինք. Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում Մոսկովյան հանդիպումից

Արցախցուն այսօր մտահոգող միակ ու ամենակարեւոր խնդիրը մեկն է, որն է լինելու Արցախի ապագնան, երբ է Արցախին կարգավիճակ տրվելու: Այս մասին ՛՛Իրավունքի՛՛ հետ զրույցում, անդրադառնալով պատերազմից մեկ տարի անց Արցախում առկա իրավիճակին, ասաց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ արցախցու վաղվա օրը կախված է բանակցային գործընթացներից: ՛՛Եթե մեր պետական այրերը ճիշտ քաղաքականություն չվարեն վաղ թե ուշ մենք կորցնելու ենք Արցախը, որովհետեւ չես կարող մարդուն փակ վարագույրի տակ անընդհատ պահել: Ես Ձեզ ավելին ասեմ, եթե Արցախում ՌԴ խաղաղապահները չլինեին, ապա հայերին այստեղ չէին թողնի մնալ: Ոչ թե հայը չի ցանկանա մնալ, այլ պարզապես չեն թողնի Արցախը առանց խաղաղապահների՛՛,-նշեց  Արցախի Թեմի Առաջնորդը՝ հավելելով, որ դա, սակայն, դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ Արցախին կարգավիճակ է պետք, եթե կարգավիճակ չտրվի, ապա Արցախը կդատարկվի: Ըստ նրա՝ ցանկացած արտաքին քաղաքական ձախողում նպաստելու Արցախի հայաթափմանը:

Մանրամասնելով  Մոսկվա կատարած այցը՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև եկեղեցիների առնչությամբ տարբեր քննարկումներ եղել են, այդ թվում՝ Դադիվանքի։

Նա նշեց. ՛՛Պատրիարքին ենք ներկայացրել  խնդիրը, Վեհափառ հայրապետի կողմից բարձրացրած խնդիրների մեջ էլ է այդ հարցը շոշափվել։ Անշուշտ, միանգամից մենք պատասխան չենք ակնկալում։  Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը նույնպես խնդրի մասին բարձրաձայնվել է, խոսվել է նաեւ գերիների վերադարձի խնդրի մասին։ Դե այնտեղ պատասխաններ չեն հնչում, կարծիքներ են հնչում, և որ հարցերում դժվարություններ են լինում, անդրադառնում են, սակայն դժվարանում են պատասխաններ տալ։ Ամեն դեպքում, իրենց ասել ենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի անխափան մեր ուխտավորներն այցելեն հայկական պատմամշակութային վանքեր ու եկեղեցիներ՛՛:

Արցախի թեմի առաջնորդը պարզաբանեց, որ այսպիսի հանդիպումների ժամանակ հարցին վերջնական այո կամ ոչ պատասխան չի տրվում, այլ հարցը բարձրացվում է, որ հետագայում դրվի քննարկման:

Ինչ վերաբերում է հարցին, թե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի մոտ պատրաստակամություն նկատվե՞ց արդյոք, թե ոչ՝ Սրբազանը պատասխանեց. ՛՛Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի արձագանքը այն չէր, ինչ մենք ակնկալում էինք: Ինքը ասում էր այն ինչը նրան ասել էին, թույլ էին տվել ասել: Ամեն դեպքում ինքը ամեն բան լսեց, կարելի է ասել կառուցողական մթնոլորտում ավարտվեց հանդիպումը՛՛:

  • Կիսվել: