Ալեն Սիմոնյանը չի զղջում իր արածի համար և պատրաստ է կրել հետևանքների պատասխանատվությունը
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր և Ադեկվադ միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին և պատմեց, որ Դանիելյանին հանդիպել է տուն գնալիս:
Սիմոնյանը, մասնավորապես, ասաց. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ըննկերոջս հետ աշխատանքից հետո գնում էի տուն, հանդիպեցի Արթուր Դանիելյանին և բարևեցի նրան, որին ի պատասխան նա ինձ ամենավերջին սեռական հայհոյանքը հասցրեց՝ ասելով «անբարոյականի զավակ» (հայհոյանքը խմբագրված է)։ Դրանից հետո ես գլխով հարվածեցի նրան ու ասացի, որ իմ կարծիքն իր մասին չեմ փոխել։ Այնուհետև իրենք երեք հոգով ինձ հարվածներ էին հասցնում այնքան ժամանակ, մինչև մարդիկ մոտեցան, սկսեցին բղավել և նրանք փախան»:
Ալեն Սիմոնյանը նշեց նաև, որ դեռ տարիներ առաջ Դանիելյանն իր հետ տարաձայնություններ է ունեցել: Նա պատմեց, որ Արթուր Դանիելյանը ցանկանում էր անդամագրվել ՔՊ-ին, ինքն աշխատում էր լրատվամիջոցներից մեկում, Դանելյանը դեռ այն ժամանակ իր հետ կոնֆլիկտ է ունեցել՝ պահանջելով իր նյութերից մեկը հեռացնել կայքից, սակայն ինքը հրաժարվել է ։
ԱԺ փոխխոսնակն ասաց, որ չի զղջում իր արածի համար և պատրաստ է կրել հետևանքների պատասխանատվությունը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել: Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել է «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի` արյունոտ դեմքով լուսանկարը և նշելով, որ Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։
Իր հերթին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ դարձյալ Ֆեյսբուքում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ Ալեն Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, իսկ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետին:


