Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը. նախագիծ
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:
Խորհրդարանը քննարկում է պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախագիծը վերաբերում է ավտոմեքենաների ոլորտին:
«Ինչպես գիտեք, 2022-2023 թվականներին Հայաստանում լայն թափ առավ, պայմանական ասած, մեքենաների բիզնեսը, և շատ դեպքերում անգամ քրեական գործեր հարուցվեցին, որովհետև առկա հարկային կարգավորումները թույլ էին տալիս ավելացված արժեքի հարկի հետ կապված, օգտվելով օրենքի ընձեռած հնարավորություններից, որոշակի սխեմաներ օգտագործել և ավելացված արժեքի հարկեր հետ ստանալ պետությունից:
Ինչպես գիտեք, դրանից հետո ՊԵԿ-ի նախաձեռնությամբ կատարվեցին որոշ փոփոխություններ Հարկային օրենսգրքում, և այդ օրենքի բացերը փակեցինք, սակայն այնպես է ստացվել, որ թիրախում, եթե մենք նպատակ ունեինք այդ ապօրինություններն ու մեքենայական սխեմաները կանխել, հայտնվել են ընկերություններ կամ ոլորտներ, որոնք դրա թիրախում չպիտի լինեին»,- պարզաբանեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ հիմա ունեն երկու ոլորտ՝ լիզինգը և վարձույթի ոլորտը, որոնք հայտնվել են այս կարգավորումների մեջ, բայց պետք է լինեին դրանցից դուրս:
«Նախագծով այս երկու ոլորտների խնդիրները լուծվում են, զուգահեռաբար նաև առաջինից երկրորդ ընթերցում կքննարկենք լուծումներն ավելի ընդլայնելու և ընդհուպ մինչև նախնական տարբերակին հետ գալու նպատակահարմարության հարցը»,- նշեց Թունյանը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը: