Ակցիա կառավարության մոտ՝ ի պաշտպանություն եկեղեցու եւ հոգեւոր–ազգային արժեքների
Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու ու ազգային-հոգևոր արժեքների։
Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ իրականացրին։ Իրենց հետ բերված սպիտակ պարանի վրա լվացքի ամրակներով կախեցին պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ կային. «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է» և այլն։
«Ես ոչ մի կազմակերպության անդամ չեմ, ուղղակի մտահոգ քաղաքացի եմ։ Բորորն էլ հիմա դժգոհ են, հասունանում է պայքարը, բայց չգիտես ինչու` ոչ մեկ չի համարձակվում դուրս գալ փողոց։ Այսօր մեր խիղճը չի թողնում, որ մենք նստենք տանը։ 5 տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանը, ոտնահարում ազգային բոլոր արժեքները, տապալում է ամբողջ պետական համակարգը , կազմաքանդում բոլոր օղակները, պետությունն ուղղակի չի աշխատում։ Այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ` ջարդելու մեր հիմնասյունը Հայ առաքելական եկեղեցին»,–ասաց ակցիայի մասնակիցներից Էլյանորա Մանանդյանը։