երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել միջպետական բոլոր գանգատներից․ Սիրանույշ Սահակյան․ «Հետք»

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել միջպետական բոլոր գանգատներից․ Սիրանույշ Սահակյան․ «Հետք»

«Հետքը» զրուցել է իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

- Մեր զրույցը սկսենք մի թեմայից, որի մասին շատ քիչ է խոսվում։ Գիտենք, որ թե՛ 2020թ․ 44-օրյա պատերազմից, թե՛ 2023թ․ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո եղել են անհետ կորածներ քաղաքացիական անձանց շրջանում։ Թվերի հրապարակման առումով մեր իշխանությունները շռայլ չեն։ Դուք ձեր փաստահավաք աշխատանքների արդյունքում ունե՞ք թվեր անհետ կորածների մասին, և նրանց իրավաջորդների գանգատներով այս պահին Եվրադատարանում գործեր քննվու՞մ են։

- Թե՛ 2020 թվականի և թե՛ 2023 թվականի հարձակումների հետևանքով անհետ կորածների շարքերում ունենք նաև քաղաքացիական անձինք։ Եվ բնականաբար նրանց իրավունքների պաշտպանությամբ ևս զբաղվում ենք։ Գանգատներ ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նաև քաղաքացիական անձանց մասով։ Մեր գործունեությունը, ցավոք, նաև շատ բացասական միտումներ է բացահայտել, որ անհետ կորած համարվող քաղաքացիական անձանց մեծամասնությունը սպանվել է, և հետագա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նրանց դիերը։ Այսինքն՝ այստեղ պատերազմի սպառնալիքի ներքո տեղահանումների շրջանակում որոշ անձինք, մնալով բնակավայրերում, հետագայում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո, և առանձնակի դաժան մեթոդներով նրանց սպանել են։ Եվ շատ տարածված են եղել նաև գլխատումների կամ մարմնի մասնատումների դեպքերը։ Մենք չենք կարող ամբողջական տվյալներ հայտնել, բայց մեր վստահորդների մասով կարող ենք ասել, որ շուրջ 4 տասնյակ դեպքեր առնչվել են քաղաքացիական անձանց։

- Բայց որևէ արդյունք կա՞ այդ գործերով։

- Բոլոր գործերը դատարանի կողմից գրանցվել են, դրանք ձևական հիմքերով չեն վերադարձվել։ Այս պահին նաև անընդունելիության հատկանիշներով մերժված գործեր չունենք, սակայն ակտիվ կոմունիկացիա այս փուլում դեռևս սկսված չէ, ինչը նաև պայմանավորված է դատարանի ծանրաբեռնվածությամբ և գործերի քննության միջին ժամկետներով, այսինքն՝ այս ձգձգումները դատարանի բնականոն պրակտիկայի մաս են կազմում։

- 2023-ի դեկտեմբերի ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղի ունեցավ գերիների փոխանակում։ 32 հայ գերիներ վերադարձան Ադրբեջանից Հայաստան, հակառակ ուղղությամբ գնացին 2-ը, որոնք Հայաստանում դատապարտվել էին, և նրանցից մեկը հասցրել էր մարդ սպանել նույնիսկ։ Այս փոխանակումից հետո, ձեր տվյալներով, քանի ռազմագերի մնաց Բաքվում, և առհասարակ ինչ-որ աշխատանքներ տարվում են նրանց վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Գիտենք, որ այդ իրավունքների պաշտպանությունը կարող է լինել երկու ուղղությամբ՝ պետական և մասնավոր, այսինքն պետության և իրավապաշտպանների մակարդակով։ Ի՞նչ է արվում առհասարակ այս ուղղությամբ։

- Այս պահին, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների՝ դեռևս անազատության մեջ պահվում են 23 անձինք, ընդ որում՝ նշեմ այդ տերմինների օգտագործում որոշակի վիճելիություն կարող է ունենալ, որովհետև այստեղ իրավական նրբերագներ կան։ Այս 23-ի մեջ ներառված են 5 անձինք, որոնք գերեվարվել են դեռևս 2020 թվականին․ 2-ը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, 3-ը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդած օրերին։ Մյուս բոլոր դեպքերը կապված են 2023թ․ իրադարձությունների հետ։ 2 անձի ձերբակալում ունեցանք 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին․ խոսքը՝ Վագիֆ Խաչատրյանի և Ռաշիդ Բեգլարյանի մասին է։ Իսկ մյուսները կամ գերեվարվել են կամ ձերբակալվել են 2023թ․ սեպտեմբերյան հարձակման ընթացքում կամ դրա դադարից հետո, երբ ադրբեջանակն կողմը ամբողջական վերահսկողության հասավ Արցախի նկատմամբ։ Մեր մասնագիտական գնահատմամբ՝ այստեղ կան քաղաքացիական գերիներ, կան ռազմագերիներ, որոնց գերեվարում իրապես կապված է եղել կոնֆլիկտի հետ, և կան քաղաքացիական անձանց ձերբակալումներ, որոնք անմիջական կապ չեն ունեցել ռազմական գործողությունների հետ, և մեր գնահատմամբ՝ նրանք քաղաքական դրդապատճառներով հետապնդման ենթարկվող անձինք են, ավելի ճիշտ տերմինը կլինի քաղբանտարկալը։ Այստեղ, իհարկե, նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին։ 

- Ես հենց այդ թեմային էի ցանկանում անդրադառնալ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկակավարության 8 ներկայացուցիչներ այժմ Ադրբեջանում ազատազրկման մեջ են։ Փաստացի նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են համարվում, և Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի իր քաղաքացիների նկատմամբ՝ պաշտպանել նրանց իրավունքները և ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց այնպիսի տպավորություն է, որ այս թեման առհասարակ մոռացության է մատնվել, պետական մակարդակով ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի բարձրաձայնում։ Ներկայում կա՞ն ինչ-որ գործընթացներ և ռեալ հնարավորություն նրանց վերադարձի կազմակերպման համար, թեկուզ միջազգային ճնշման ձևով։ 

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը այն նույն գործողությունն է արել, ինչը կձեռնարկեր կամ ձեռնարկել է որոշ գերիների առնչությամբ։ Այսինքն՝ միջպետական գանգատի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ներառել է նաև այս անձանց ձերբակալման կամ գերեվարման խնդիրները։ Այսինքն՝ նույնական, հավասար դրության մեջ է դրել նույն 2023 թվականի պատերազմի հետևանքով գերեվարված զինծառայողներին և Արցախի բարձր ղեկավարությանը, միջպետական գանգատի շրջանակներում որպես մի հատված ներառել է նրանց անազատութայն մեջ պահելու խնդիրները։ Վստահ եմ՝ հետագայում նաև կլրացվի, ապօրինի դատապարտումների հետ կապված իրավական հարցադրումներ կլինեն։ Այս պահին մենք ունենք միջպետական գանգատ որը չի կարող արագ արդյունք ապահովել, և այստեղ կան օբյեկտիվ պատճառներ։ Միջպետական չորրորդ գանգատի շրջանակներում ներառված են շատ լայն խնդիրներ, օրինակ՝ Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը կամ 2023 թվականի պատերազմի հետևանքով հրետակոծությունները, այդ թվում որոշ քաղաքացիական բնակավայրերի և ամենակարևորը՝ բռնի դեպորտացիան։ Հասկանալի է, որ 100 հազարից ավել մարդկանց դեպորտացիայի, սեփականության իրավունքերի հարցերի քննարկումն օբյեկտիվորեն ժամանակատար պրոցես է, և Եվրոպական դատարանին կպահանջվի լավագույն դեպքում 3-5 տարի, որպեսզի այս գործին հանգուցալուծում տա։ Ես կարծում եմ, որ նման ձևաչափով իրավունքների պաշտպանությունը անմիջական արդյունք չունի, և որոշ չափով այն ուշացած է։ Հայաստանի Հանրապետությունը այլ գործելակերպի հնարավորություն ուներ։ Օրինակ՝ տարբերակ կարող էր լինել 8 բարձրաստիճան պաշտոնյաների մասով նոր միջպետական գանգատի ներկայացումը, ինչը, այո, քաղաքական առումով միգուցե անցանկալի ազդակ կլիներ Ադրբեջանին, բայց ավելի արդյունավետ կպաշտպաներ այդ քաղաքացիների իրավունքները։ Այստեղ գործի քննությունը կարող էր ավելի կարճ լինել, որովհետև գանգատի առարկան շատ որոշակի էր, և մենք որոշ գործընթացներ արագացնելու ճանապարհով կարող էինք, օրինակ՝ միջպետական գանգատով ունենալ իրավունքների խախտման արձանագրման դատական ակտեր։ Եվ իհարկե, ՀՀ-ն հնարավորություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, և ես կարծում՝ թե՛ նախկինում ռազմագերիները և թե՛ ներկայում հատկապես բարձրաստիճան ղեկավարները առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգի հարցերի բավարարման պահանջների հետ։ Սա շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին։ Մենք նաև բազմատեսակ տեղեկություններ ենք ստանում, որ բանակցություններում շատ բացասաբար է գնահատվում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը իրավական գործընթացներում, և որպես խաղաղության օրակարգի նախապայման՝ կարծթե թե դիտարկվում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարվելը։ Նրանք հատկապես թիրախավորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականության հիմքով գործընթացը։ Իհարկե, Եվրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկված։ Պարզապես նշեմ, որ եվրոպական դատարանում մեր դիրքերը ավելի ապահով են, քանի որ ՄԻԵԴ-ում իրավական գործընթացները դիվերսիֆկացված են, և միջպետական գանգատներին զուգահեռ կան անհատական գործեր, և հարյուրավոր գանգատներ ներկայացվել են հենց զոհերի իրավահաջորդների կողմից։ Եվ իհարկե, այստեղ միջպետական գանգատից հրաժարվելը կենսական շահեր կվնասի, սակայն մենք այդ բացը կարող ենք լրացնել անհատական գանգատների միջոցով, իսկ ՄԱԿ-ի դատարանը, ցավոք, անհատական գործելակերպի հնարավորություն չի տալիս, և միակ դիմող կողմը կարող է լինել պետությունը։ Այստեղ շատ վտանգավոր գործընթացներ կարող են լինել, եթե Հայաստանի իշխանությունները ենթարկվեն ճնշումների և որոշեն, որ կարող են հրաժարվել նման լուրջ հարցադրումների առնչվող իրավական գործընթացներից։ 

- Օրինակ՝ ի՞նչ վտանգավոր գործընթացներ կարող են տեղի ունենալ։

- Մենք քաղաքական տեսանկյունից շատ վատ դրության մեջ ենք, և հակապետական մոտեցումներ են իրացվում։ Այս բալանսը վերականգնելու միակ հնարավորությունն իրավական ատյաններն են։ Արցախի հիմնախնդրի տեսանկյունից բեկումնային նշանակություն կարող է ունենալ ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականության վերաբերյալ, և այն նախ կարող է ապալեգիտիմացնել արդեն իսկ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները, և մյուս կողմից վերահաստատել հայերի իրավունքները, այդ թվում՝ իրենց պատմական հողերի նկատմամբ, ինչը երկարաժամկետ հեռանկարում այս իրավունքի իրացման համար պայքարելու նախադրյալներ կստեղծի։ Այսինքն՝ մենք կունենանք իրավական հիմքերը, և եթե երկիրը բերենք մի մակարդակի, որը կունենա ռազմական և տնտեսական հզորություն, գոնե հաջորդ սերունդների համար սա կարող է մի օր լուծելի խնդիր լինել։ Բայց եթե այս իրավական գործընթացները կասեցվեն և քաղաքական հարթակներում հակահայկական դիրքորոշումներ իրացվեն, մենք արհեստականորեն կփակենք Արցախի պատմական էջը։

- 2023-ի տարեվերջին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ դրանով ընդունելով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Եվ մեր պետության դիրքորոշումն այն է, որ այդ ստատուտը վավերացնելու նպատակը Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունները կանխելն է։ Միևնույն ժամանակ, մեկ անգամ չէ, որ Ալիևի ռեժիմը ցույց է տվել, որ թքած ունի միջազգային ատյանների որոշումների վրա։ Դրա վառ օրինակը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումն էր, որը Ադրբեջանը մինչև վերջ անտեսեց։ Իրականության և գործողության մեջ Հռոմի ստատուը վավերացնելը մեր պետությանը ի՞նչ օգուտ կարող է տալ։

- Սպառնալիք կարող է իր մեջ պարունակել Ադրբեջանի համար, և այս սպառնալիքը ներկայում ավելի գործնական նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ուժերը ներկայում օկուպացրել են Հայաստանի Հանրապետության տարածքը, և հանցագործությունների աշխարհագրությունն է փոխվել։ Եթե նախկինում մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները տեղի էին ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ներկայում դրանք տեղափոխվել են և իրականացվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը, և սա միտումնավոր քայլ է, պետական քաղաքականության ուղղություն է։ Նրանք դրանով ապահովագրում են իրենց սահմանների ներսում այլ ազգերի հանդեպ կատարվող հանցագործություններից քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքից։ Քանի որ նրանք կատարել են դա Լեռնային Ղարաբաղում, և արդեն այդ հանցագործությունները 2021 թվականի մայիսից տեղափոխվել են ՀՀ տարածք, Հռոմի ստատուտը վավերացնելով՝ մենք ճանաչում ենք դատարանի իրավազորությունը Հայաստանի տարածքում կատարվող այս հանցագործությունների նկատմամբ, և սա կարող է զսպող նշանակություն ունենալ։ Այսինքն՝ Ադրբեջանը անկախ իր վավերացման հանգամանքից, զուտ Հայաստանի վավերացման ուժով եթե հանցագործություններ կատարի ՀՀ սուվերեն տարածքում, ապա դա տեսական առումով ընկնելու է դատարանի մանդատի ներքո։ Բայց մենք նաև շատ լավ գիտենք, որ դատարանը ծանրաքարշ համակարգ է և ցավոք, 21-րդ դարում մենք աշխարհի տարբեր կետերում տեսնում ենք միջազգային հանցագործություններ, և դատարանը ունակ չէ արձագանքել բոլոր դեպքերին։ Մեծ մասամբ արձագանքում է այն իրավիճակներին, որտեղ կարծես թե, միջազգային քաղաքական կոնսենսուս կա պատժելու կատարողներին։ Այսինքն՝ այս կատարողները չեն վայելում միջազգային կարևոր դերակատարների հովանավորությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն փաստաթղթի վավերացումը, այլ նաև այնպիսի արտաքին քաղաքական նախադրյալնեի ձևավորումը, որի պայմաններում իրական սպառնալիք կլինի Ադրբեջանի նկատմամբ, և այդ ծանրաքարշ համակարգը կսկսի գործել՝ ի շահ հայերի։ Այստեղ մենք թղթի վրա վավերացումից զատ կունենանք պրակտիկ նշանակություն ունեցող գործողություններ, որոնք կապահովագրեն մեր ազգին 21-րդ դարում նոր ցեղասպանությունից։ Եվ այստեղ, ստուգման հետաքրքիր հանգամանք կարող է լինել բռնի դեպորտացիայի և 2021 թվականից հետո կատարված որոշ հանցագործությունների մասին դատարանի արձագանքը։ Մենք գիտենք, որ Հայաստանը նաև հետադարձության վերաբերյալ հայտարարություն է տվել, այսինքն՝ 2021 թվականի մայիսից հետո կատարված հանցագործությունները իրավական առումով արդեն իսկ դատարանի իրավազորության տակ են։ Մենք նաև գիտենք, որ բռնի տեղահանման տուժողները գտնվում են ՀՀ-ում և իրենց հետ շարունակաբար բերել են յուրիսդիկցիան, և այստեղ շատ կարևոր է հասկանալ ՀՀ գործողությունը։ Մեր պետությունը դեպքը կարող է հղել դատարանին, և դա կարող է անել ինչպես ինքնուրույն, այնպես էլ շատ այլ երկրների հետ համագործակցությամբ։ Օրինակ՝ ուկրաինական դեպքերով իրավիճակը հղել էր ոչ միայն Ուկրաինան, այլ նաև 4 տասնյակից ավել պետություններ, ինչը շատ տեսանելի քաղաքական աջակցություն է։ Եթե Հայաստանն այս գործողությունը չկատարի, ես մտավախություն ունեմ, որ այլ պետություններ ինքնուրույն իրավիճակը չեն հղելու, և այս ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնելու է իրավապաշտպանների ուսերին։ Նման հնարավորություն կա, երբ իրավապաշտպանները տարբեր կառույցները միջազգային հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ փոխանցում են դատախազին, և դատախազը, այդ դեպքերը ուսումնասիրելով, սեփական նախաձեռնությամբ կարող է քննություն սկսել։ Ուղղակի այստեղ մենք գործ կունենանք դատախազական հայեցողության հետ,։ Եթե պետության գործելակերպի պարագայում գործընթացի մեկնարկը երաշխավորված է, ապա հասարակական կազմակերպությունների գործունեության պարագայում սա միջնորդավորված է լինելու դատախազական հայեցողությամբ, և մենք չգիտենք՝ այդ հայեցողությունը ինչպես կօգտագործվի։ 

- Մի քանի օր առաջ Ադրբեջանը մեկ տարով հեռացվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ), որին հետևեց Բաքվի այն հայտարարությունը՝ սպառնալով, որ նրանք կարող են դուրս գալ առհասարակ Եվրոպայի խորհրդից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի ինստիտուտներից է, և եթե մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից, և հետևաբար չի ճանաչում նաև ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ապա դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հետագա գործընթացների վրա։

- Նախ նշեմ, որ դուրս գալու պարագայում դա վերաբերելու է ապագայում ծագած հարաբերություններին, այսինքն՝ Ադրբեջանի նոր խախտումների առնչությամբ մենք և պետությունը զրկված ենք լինելու հայցեր ներկայացնելու հնարավորությունից, սակայն դա չի ազդում մինչև դուրս գալը առաջացած մարդու իրավունքների պարտականությունների և պատասխանատվության վրա։ Սա նշանակում է, որ արդեն իսկ ընթացող գործերով դատարանը պահելու է վճիռներ կայացնելու իր իրավասությունը, և Ադբեջանը ունենալու է պարտականություն կատարել այդ գործերով դատական ակտերը։ Սակայն, իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ դուրս գալու պարագայում նվազելու է այս ատյանի հետ համագործակցությունը, անգամ ներկայում Ադրբեջանը չի համագորածկցում պատշաճորեն Եվրոպայի խորհրդի հետ։ Մենք բազմիցս տեսել ենք, որ անգամ ռազմագերիներին առնչվող հարցադրումներում պատշաճ տեղեկատվություն չեն տրամադրել դատարանին, և այս առիթով խնդիրը նոթիֆիկաացվել էր նախարարաների կոմիտեին։ Նշեմ, որ հայերի առնչությամբ կայացված դատական ակտերով Ադրբեջանը որևէ կատարողական գործողություններ չի ձեռնարկել անգամ այն մինիմալ, դատարանի կողմից որոշված գումարը վճարելու պարզունակ պարտականություն չի կատարում, ինչը հստակ ազդակ է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին և հայերին առնչվող խնդիրները չի ցանկանում լուծել իրավական հարթակների միջոցով։ Այստեղ էապես նվազելու է Ադրբեջանի համագործակցությունը դատարանի հետ, և եթե Եվրոպայի խորհուրդը չուժեղացնի իր գործընկերությունը այլ կառույցների հետ և նրանց հնարավորությունների օգտագործմամբ ճնշում չբանեցնի Ադրբեջանի նկատմամբ, ես կարծում եմ՝ այդ դատական ակտերի գործնական նշանակությունը էապես կարող է նվազել։ Սակայն եթե կոորդինացված գործեն, այստեղ կարող են այլ տեսակի ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ և վարքը դարձնել կառավարելի։ Իմ գնահատմամբ՝ լավագույն ճնշման ձևերից մեկը պատժամիջոցների գործադրումն է, կարելի է սկսել պաշտոնյաների նկատմամբ, նրանց ինստիտուտների նկատմամբ սահմանափակումների կիրառումից, և եթե դրանք ազդեցիկ չլինեն, ապա պատժամիջոցներ նախատեսվեն հենց պետության նկատմամբ։

- Բայց այստեղ բացի Եվրոպայի խորհրդից կարևոր է մեր արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ մենք քաղաքական խողովակներով ազդակներ հղենք միջազգային կառույցներին և պետություններին Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով։

- Իհարկե, դա անհրաժեշտ գործոն է։ Եթե պետությունն այդ պատժամիջոցների կամ ճնշման պահանջարկը չի ձևավորում, ապա միջազգային հարթակում նման առաջարկ արտահայտող նման պետություններ չեն լինի։ Առանց պետության գործելակերպի, հասարակական կազմակերպությունների ջանքերն այս առումով շատ սիմվոլիկ են։ Եվ մենք բազմիցս ունեցել ենք խոսակցություններ, երբ մեզ նշել են, որ թեև որպես կազմակերպություն, հասարակական միավորներ՝ դուք այս խնդիրը դնում ենք, բայց մենք համանման խնդիրներ չենք լսում իշխանություններից, իսկ պետության դիրքորոշումը նմանատիպ հարցերում ունի առանցքային նշանակություն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: