հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով միայն Հայաստանը ունի քաղաքացիական զոհ. ՄԱԿ-ի դեսպանների հայտարարությունը սխալ է

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով միայն Հայաստանը ունի քաղաքացիական զոհ. ՄԱԿ-ի դեսպանների հայտարարությունը սխալ է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Ալբանիայի և Քենիայի, ինչպես նաև Ադրբեջանի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով, թե երկու կողմից էլ գրանցվել են բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական, երկու կողմից էլ բնակելի տներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ են վնասվել։  

Մասնավորապես, Ալբանիայի ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ խորապես անհանգստացած են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ծանր մարտերի մասին հաղորդագրություններով. «Հրետակոծությունների հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Մենք ցավում ենք զոհերի համար»։

Քենիայի ներկայացուցիչն իր ելույթում ևս նշել է, որ մեծապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերից. «Կողմերն իրար մեղադրում են կրակ բացելու մեջ, որ օգտագործել են ծանր զինտեխնիկա, նաև հարվածներ են հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի»։ 

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը, հակադարձելով Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի թիրախում եղել են նաև բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որևէ հայտարարություն չի արել քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կամ վիրավորների մասին։ 

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեք դեսպանների հայտարարությունները սխալ են:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել

Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի առաջին օրը՝ սեպտեմբերի 13-ին, Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ:

Հաջորդ օրը նախարարությունը թարմացրել է տվյալները՝ նշելով, որ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Սեպտեմբերի 15-ին լրատվամիջոցները գրել էին, որ Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել:

Ավելի ուշ հրապարակվեցին մանրամասներ, ըստ որոնց՝ զոհված անձը 1993 թվականին ծնված Գևորգ Հայրապետյանն է։ Պատերազմի առաջին իսկ օրվանից նա օգնել էր վիրավոր զինվորներին տեղափոխելու գործում։ «Շտապօգնության մեքենայով վիրավոր զինվոր են տեղափոխելիս եղել, թշնամու կողմից նշանառության տակ է վերցվել շտապօգնության մեքենան, ինչի հետևանքով Գևորգը զոհվել է։ Շտապօգնության մեքենայի վարորդը և ևս մեկ անձ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան»,- նշել էր Սիսիանի համայնքապետի մամուլի քարտուղար Արմինե Հարությունյանը։

Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ևս տեղեկացրել է զոհի մասին. «Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ է մահացել, քաղաքացու մահը վրա է հասել բեկորային վնասվածքից»:

Գրիգորյանի խոսքով` քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ, ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը, որի հետևանքով միայն ՄԻՊ-ի կողմից արձանագրված փաստերով առնվազն 6 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել։

Ավելի ուշ (սեպտեմբների 16-ին) Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձի մասին։ «Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է»,- նշվել է ԱՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչ չի զոհվել

Չնայած դիվանագետների պնդումներին, թե սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի հետևանքով երկու կողմերից էլ կան քաղաքացիական զոհեր, ադրբեջանական կողմը քաղաքացիական որևէ զոհի մասին չի հայտնել, ինչպես նաև որևէ տեղեկություն չի եղել, որ հայկական կողմը հարվածներ է հասցրել Ադրբեջանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Սեպտեմբերի 14-ին միայն ադրբեջանական կայքերը գրել են, որ հայկական կողմից կրակոցների հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի 2 քաղաքացիական անձինք, որոնք անասնապահությամբ են զբաղվել։

«Քելբաջարի (խմբ.- Արցախի վարչատարածքային բաժանմամբ՝ Շահումյանի շրջան) շրջանի տարածքում անասնապահությամբ զբաղվող Ասիմ Մուսաևը միջին ծանրության վնասվածք է ստացել և հոսպիտալացվել Գյանջայում, իսկ Արզուման Օրուջովը առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել տուն»,- գրել էր Haqqin.az-ը։

Ադրբեջանի թիրախում եղել են նաև Հայաստանի բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել էր, որ Ադրբեջանի թիրախում եղել են նաև բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։ «Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60-ը` լիովին ավերվել: Ջերմուկի ռմբակոծումը, որտեղ ռազմական ոչ մի թիրախ չկա, պատերազմական հանցագործություն է»,- նշել էր դեսպանը՝ հավելելով, որ Ադրբեջանը թիրախավորել է նաև Կեչուտի ջրամբարը` ստեղծելով բնապահպանական ու հումանիտար ահռելի վտանգներ:

FIP.am-ը ևս ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերը հրետակոծելու մասին փաստեր։   

Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է, թե ինչ քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով:

Ըստ նրա՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա երկու արկ է ընկել, Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույք։

Այսպիսով, Ալբանիայի և Քենիայի ներկայացուցիչների պնդումը, թե երկու կողմն էլ քաղաքացիական զոհեր ունեն և երկու կողմից էլ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, սխալ է։ Ադրբեջանական կողմը զոհ չի ունեցել, իսկ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների մասին անգամ ադրբեջանական աղբյուրները չեն հայտնել:

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե Հայաստանի առողջապահության նախարարությունը որևէ հայտարարություն չի արել քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կամ վիրավորների մասին, նույնպես կեղծ է: Վիրավորների մասին ՀՀ առողջապահական գերատեսչությունը հայտնել է ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ ժամերից: 

  • Կիսվել: