ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
40 շիշ կոնյակ գողացողները 3 ամիս անց հայտնաբերվել են (տեսանյութ)

40 շիշ կոնյակ գողացողները 3 ամիս անց հայտնաբերվել են (տեսանյութ)

Նախորդ տարվա նոյեմբեր եւ այս տարվա հունվար ամիսներին Գավառի Դեմիրճյան փողոցի մի տնից երկու անգամ գողություն էին արել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` պատուհանով մտել էին ներս, հափշտակել ոսկեղեն, կենցաղային իրեր, 40 շիշ կոնյակ եւ այլ թանկարժեք խմիչքներ` պատճառելով 1 միլիոն դրամից ավելի նյութական վնաս:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները դեպքի վայրում համապատասխան ուսումնասիրություններ արեցին: Պարզեցին` որտեղից ինչ են գողացել: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում:

Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, եւ ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից օրեր անց բաժնի քրեական հետախույզները, փոխգործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության եւ քննչական մարմինների հետ, տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Գավառի Ազատության 2-րդ փողոցի 31-ամյա մի բնակիչ:

Փետրվարի 6-ին գողության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց կասկածյալի բնակարանում եւ օժանդակ շինություններում: Ոստիկանները հյուրասենյակից հայտնաբերեցին կաթուցիչ` սեւ նստվածքի հետքերով եւ կանեփանման չորացված, մանրացված զանգված, որոնք, ըստ կասկածյալի, իր օգտագործման համար էին: Ավելի ուշ պարզվեց, որ 31-ամյա տղամարդը գողոնը վաճառել է Երեւանում: Նույն օրը նա, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը, նշվածից զատ, 2019 թվականի հոկտեմբերին Սայադյան փողոցի մի տնից մոտ 130.000 դրամի ոգելից խմիչք էր գողացել: Մի ուրիշ օր պատուհանով մտել էր Ազատության 2-րդ նրբանցքի տներից մեկը, բայց հարմար բան չգտնելով` հեռացել էր:

Քննչական փորձարարության ժամանակ տղամարդը մանրամասնել է, թե որ տուն ինչպես է մտել, որտեղից ինչ գողացել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Դեմիրճյան փողոցի տնից հափշտակված գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

  • Կիսվել: