կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«250 000 դրամով սա ջնջվում է և չի գնում ընկերներին». Մասնագետը՝ ֆոտոշոփի ենթարկված մերկ լուսանկարները հրապարակելու շանտաժի դեպքերը կանխելու մասին

«250 000 դրամով սա ջնջվում է և չի գնում ընկերներին». Մասնագետը՝ ֆոտոշոփի ենթարկված մերկ լուսանկարները հրապարակելու շանտաժի դեպքերը կանխելու մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանեն բարձրաձայնում է շանտաժի միջոցով տելեգրամյան դրամաշորթության հերթական միջադեպի մասին։

«Ինչպես շատերը, ես էլ ժամեր առաջ ենթարկվեցի տելեգրամյան դրամաշորթության, շանտաժի հերթական խարդախությանը: Իմ նկարները ֆոտոշոփվում են, չտարածելու դիմաց պահանջում են գումար: Կցում եմ նամակներն ու օրիգինալ նկարները: Կխնդրեմ բոլորիդ տարածել հրապարակումը, որքան հնարավոր է իրազեկեք ծանոթներիս ու ընկերներիս: Գումարը, բնականաբար, փոխանցված չէ»,-գրել է նա։

Տելագրամով Գայանեն ստացել էր հաղորդագրություն, որ համացանցից քաշած լուսանկարները, որոնք ֆոտոշոփի են ենթարկվել, կուղարկվեն իր ինստագրամյան ընկերներին, եթե նա 250 000 դրամ չվճարի։

«Հնարավորություն եմ տալիս հարցին արագ լուծում տալ, ընդամենը 250 000 դրամով սա ջնջվում է և չի գնում քո ինստագրամյան ընկերներին»,-նշված է հաղորդարության մեջ։   

Aysor.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ֆոտոշոփի ենթարկված մերկ լուսանկարներով շորթման մեխանիզմը նորություն չէ և կարող է շարունակական լինել այնքան, որքան հանցագործները ստանան իրենց ուզածը։

Ըստ նրա՝ նման հարցով իրեն դիմելու դեպքերը քիչ չեն։ «Ակնհայտ է, որ պետք  է չբանակցել ընդհանրապես նման մարդկանց հետ, որովհետև առաջին՝ գումար տալը չի նշանակում, որ նրանք կդադարեն պահանջ ներկայացնել, երկրորդ՝ նման մարդկանց ընդհանրապես խրախուսել չի կարելի։ Ընդամենը պետք է շանտաժին չտրվել և ընկերներին զգուշացնել, որ նման բան կարող է լինել»,-ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ երիտասարդները, մասնավորապես անչափահաս, երբեմն կատարում են պահանջը՝ վախից դրդված։ «Շատ բան կախված է մարդուց, հետո պատկերացրեք անչափահասներին էլ են վախեցնում, իրենց ամբողջ զենքը վախն է, եթե մարդ իրենց հեռու ուղարկի ու ընկերներին զգուշացնի, որ հնարավոր է՝ նման հրապարակում լինի, «բիզնեսի» այդ ձևը կդադարի գոյություն ունենալ, բայց քանի որ մարդիկ ռեալ անհասկանալի բաներից վախենում են, նման դեպքերը շարունակվում են»,-ասաց նա։

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ նման հանցագործների մեծ մասին հնարավոր է բռնել՝ կախված է նրանից, թե նա որքան է պատրաստված իրեն քողարկել։

«Բայց ոստիկաններին դիմելն այլ բան է, շանտաժին չենթարկվելը՝ այլ բան։ Չպետք է հույս ունենալ, որ ոստիկաններին, եթե դիմի, նրան արագ կարող են բռնել։ Ամեն դեպքում, դա երկար պրոցես է լինելու, իսկ նկարների հրապարակումը չի կանխի, բայց թույլ կտա կանխել հանցագործություների շարքը»,-ասաց նա։

  • Կիսվել: