2025 թվականին «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը կտեղափոխվի նոր մասնաշենք և բնակչությունը կստանա էլ ավելի որակյալ բուժօգնություն․ Տնօրեն
«Ծաղկահովիտ» առողջության կենտրոնի գործունեությանը, որը սպասարկում է Արագածոտնի մարզի շուրջ 21 հայաբնակ և եզդիաբնակ բնակավայր, InfoPort.am-ը անդրադարձել էր անցյալ տարի, մեկ տարվա մեջ սակայն Կենտրոնը համալրվել է նոր մասնագետներով և սարքավորումներով։ Կենտրոնի գործունեության և պլանների մասին պատմում է տնօրեն Արմեն Հակոբյանը․․․
Պարոն Հակոբյան, նախ անդրադառնանք «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնի մատուցած ծառայություններին․․․
Կենտրոնը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), Շտապ և անհետաձգելի բուժօգնություն, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, բժշկական ընդհանուր պրակտիկա, թերապևտիկ ստոմատոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն, վարակիչ հիվանդությունների կանխարգելում, լաբորատոր ախտորոշիչ ծառայություն, ֆունկցիոնալ-ճառագայթային ախտորոշիչ ծառայություն, իմունականխարգելիչ ծառայություն, սրտաբանական, նյարդաբանական, վիրաբուժական, ներզատաբանական ծառայություններ։ Ունենք քիթ-կոկորդ-ականջաբան, տուբերկուլյոզային ծառայություն, ակնաբան, ուռուցքաբան։ Կենտրոնում նաև գործում են հոգեբուժական և մաշկավեներաբանական ծառայություններ։ Ինչպես տեսնում եք, մեր կենտրոնում բնակչությանը մատուցվում են գրեթե բոլոր բժշկական ուղղվածության ծառայություններ։
Որքա՞ն բնակչության է սպասարկում կենտրոնը։
«Ծաղկահովիտի ԱԿ» ՓԲԸ-ն սպասարկում է թվով 21 բնակավայր, որից 10-ը հայաբնակ՝ Ծաղկահովիտ, Նորաշեն, Գեղադիր, Գեղաձոր, Հնաբերդ, Բերքառատ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլ քար, Լեռնապար և 11-ը եզդիաբնակ՝ Կանյաշիր, Սադունց, Ալագյազ, Սիփան, Ջամշլու, Ռյա թազա, Ավշեն, Միջնատուն, Օրթաճյա, Դերեկ, Միրաք։ Ընդհանուր առմամբ թվով 13188 բնակիչ ենք սպասարկում, որից 3030 մինչև 18 տարեկան։
Որպես կենտրոնի ղեկավար զգո՞ւմ եք Ձեր թիկունքում մարզային իշխանությունների աջակցությունը։
Այո իհարկե։ Մարզային իշխանությունների աջակցությունը մշտապես զգացվում է մարզի ցանկացած կազմակերպության զարգացման, ինչպես նաև առաջացող խնդիրների լուծման հարցում։
Կարողանում է արդյո՞ք կենտրոնը արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը և որ դեպքերում եք բուժառուներին ուղղորդում այլ բժշկական կենտրոններ։
2018թ-ից սկսած Կենտրոնը հնարավոր ամեն ինչ արել է ազգաբնակչությանը ավելի հարմարավետ և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Ամբողջությամբ վերանորոգվել են Շտապ օգնության, ընդունարանի և պոլիկլինիկայի աշխատասենյակներն ու միջանցքները, ձեռք են բերվել նոր սարքեր, Շտապ օգնության ծառայությունը համալրվել է նոր մեքենաներով։
Առողջության կենտրոնում աշխատանքի են ընդունվել այնպիսի նեղ մասնագետներ (ներզատաբան, ակնաբույժ, սրտաբան, ճառագայթաբան, անոթային վիրաբույժ, վնասվածքաբան, ուռոլոգ), որոնց հաստիքները երկար ժամանակ թափուր են եղել և բնակիչներն այլևս ստիպված չեն լինում նեղ մասանագիտական կոնսուլտացիաների համար մեկնել Երևանում գործող բժշկական կազմակերպություններ:
Մեր Կենտրոնում բնակիչը ստանում է լիարժեք բուժօգնություն, բացառությամբ այն դեպքերի որոնք կապված են դժվարամատչելի հետազոտությունների և այնպիսի բաժանմունքներում բուժօգնություն սատանալու հետ, որոնք մարզային ոչ բոլոր հիվանդանոցներում են հասանելի։
Ինչ ձեռքբերումներ ունեցավ Կենտրոնը այս տարի եւ ինչ ծրագրեր ունեք առաջիկայի համար։
Ի սկզբանե Կենտրոնը նոր ավելի ժամանակակից սարքեր ձեռք բերելու, ինչպես նաև հիվանդասենյակները վերանորոգելու պլաններ ուներ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության համար կառուցվում է նոր մասնաշենք, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, բնականաբար նպատակահարմար չգտանք կատարել այնպիսի ֆինանսական ծախսեր, որոնք մի տարի հետո արդարցված չեն լինելու։
Առողջության կենտրոնի նոր շենքը դեռ 2023 թ-ի հոկտեմբերից պետք է հանձնվեր շահագործման, սակայն եղանակային պայմանները շինարարական աշխատանքների երկարաձգվելու պատճառ դարձան։ Հուսանք 2025թ-ի մարտ ամսին արդեն կտեղափոխվենք նոր մասնաշենք և մեր բնակիչները կստանան էլ ավելի որակյալ բուժօգնություն, ինչը պայմանավորված կլինի ոչ թե մասնագետների՝ (մեր մասնագետները շատ բանիմաց, խելացի և հոգատար բժիշկներ են) այլ ժամանակակից սարքերով հագեցված լինելու և ավելի բարվոք պայմաններ ունենալու հետ։