երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2021-ին սուբվենցիաներ ստանալու համար հայտ է ներկայացվել Շիրակի մարզի 32 համայնքից

2021-ին սուբվենցիաներ ստանալու համար հայտ է ներկայացվել Շիրակի մարզի 32 համայնքից

2021 թվականին պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու համար Շիրակի մարզի համայնքներից ներկայացվել է 70 հայտ: Մարզի 32 համայնքների կողմից ներկայացված ծրագրերը շուրջ 4 մլրդ 663 մլն դրամի շրջանակներում են։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած մարզային խորհրդի հերթական նիստի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

«Սուբվենցիոն ծրագրերը պետություն-համայնք համագործակցության լավագույն օրինակներ են, դրանք նպաստում են մեր համայնքներում տարիներ շարունակ կուտակված խնդիրների քայլ-քայլ լուծմանը»,-նշեց Շիրակի մարզպետը՝ կոչ անելով համայնքների ղեկավարներին ավելի ակտիվ լինել ու ներգրավվել այդ ծրագրերում ։

Ներկայացնելով գյուղատնտեսական ոլորտը՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը տեղեկացրեց, որ 2021թ. կատարվել է 14936 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավել է 134 հա-ով:

Ձմեռացման ընթացքում աշնանացան ցորենի ցանքատարածությունների ցրտահարության դեպքեր չեն գրանցվել: Նշված ցանքատարածությունից շուրջ 3000 հա-ը իրականացվել է «Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության» ծրագրով ձեռք բերված էլիտա և առաջին վերարտադրության սերմացուներով:

Մարզում արդեն սկսվել են գարնանացանի աշխատանքները, որի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման» պետական աջակցության ծրագիրը:

Ներկայումս մատակարարների կողմից իրականացվում է սերմացուների տրամադրումը շահառուներին: Աշնանացանի և գարնանացանի աջակցության ծրագրերին զուգահեռ իրականացվում են նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր: 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ընդլայնվել է ապահովագրվող մշակաբույսերի ցանկը՝ ներառելով նաև կարտոֆիլը:

Մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվելու է համայնքային անտառների հիմնման աշխատանքներ Գյումրի, Ախուրյան, Աշոցք, Մարմաշեն, Ամասիա, Անի և Լեռնակերտ համայնքներում: 2021թ. մարզի ջրամբարներում, բացի Ախուրյանի և Կառնուտի ջրամբարներից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ավելի շատ ջուր է կուտակվել, գրում է armenpress.am-ը:

  • Կիսվել: