հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ. Վարչապետը՝ Ավինյանին

100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ. Վարչապետը՝ Ավինյանին

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով  բանկերում հերթ կանգնելու խնդրին՝  նշեց, որ այդ հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել:

««Բանկային գաղտնիքի մասին» օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով: Մարդը իր ընտանիքի անդամների հեռախոսների համար ուզում է վճարում անել, 4 հոգի մի կողմից են աչքերը չռած նայում, 4 հոգի մյուս կողմից»,- ասաց վարչապետը։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկերում նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ օնլայն, հեռախոսներով վճարումներ կատարելու: 

Վարչապետը կոչ արեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ, հերթ կանգնել:

Նա նշեց, որ այդ ուղղությամբ ևս հանձնարարականներ տվել է, բայց չի տեսնում այդ հանձնարարականի կատարման ընթացքը:

Վարչապետը կոչ արեց պատրաստել հոլովակներ, որ տեսնեն, թե ինչպես քաղաքացին կարող է տանը նստած, օնլայն գործիքներից օգտվել:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ օրեր առաջ  Մաշտոցի պողոտայում հարյուրավոր մարդկանց հետ շփվել է, որոնց  մեջ տասնյակներ են եղել, որոնք չեն իմացել, որ ապրիլի 5-ին  հանրաքվե է նշանակվել:

«Եկեք դուրս գանք փողոց և մարդկանց հարցնենք՝ ասենք գիտեք, որ կադաստրում սենց բան կա, կարող եք օգտվել։ Ես Ձեզ երաշխավորում եմ, որ 80 տոկոսը կասի՝ չէ։ Ստացվում է՝ մենք այդ ծրագրերն անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետև գրանտ ենք ստացել կամ վարկ կա, պետք է արագ ծախսենք ու վերջում գրենք՝ ծրագիրը կատարված է։ Տեղյակ չեն մարդիկ և այդ չտեղեկացվածության մեղավորը մենք ենք»,- ասաց նա:

Փոոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ երեք ամիս առաջ մի հոլովակ էր նկարահանվել՝ անկանխիկ վճարումների հետ կապված, և սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել։

Վարչապետը հետաքրքրվեց՝ քա՞նի մարդ է նայել այդ հոլովակը։ Տիգրան Ավինյանն ասաց՝ մինչև 100 հազար, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց.  «100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ, լայն տարածումը այն է, երբ դա կունենա 15, 20 միլիոն դիտում, քանի որ մարդը չորս անգամ նայի, որ կարողանա այդ գործիքը օգտագործել»:

Նա հորդորեց այնպես տարածել, որ այդ հոլովակը ունենա 20, 30 միլիոն դիտում:

«Մի հատ էլ, խնդրում եմ, ռազմավարություն մշակեք, թե ինչ անենք, որ ես իմ հանձնարարականին 2, 3, 4, 5, 6-րդ անգամ չանդրադառնամ»,-ասաց վարչապետը: 

  • Կիսվել: