շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ադիգեյի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) և Ռուսաստանի Դաշնության 18 տարածաշրջանի ավելի քան 160 աշակերտ: Օլիմպիադան նախատեսված էր 2 տարիքային խմբերի համար՝ պատանիների (9-րդ և 10-րդ դասարաններ) և ավագների (11-րդ և 12-րդ դասարաններ)։ ՀՀ թիմը հանդես է եկել պատանիների տարիքային խմբում։

Հայաստանը ներկայացրել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանն արժանացել է ոսկե, Էլեն Քեշիշյանն (9-րդ դասարան) ու Արման Ասատրյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ 9-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սամվելյանը՝ գովասանագրի։ Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նարեկ Մկրտումյանը։

Օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել է մշակութային ծրագիր, որի ընթացքում դպրոցականները ծանոթացել են Ադիգեայի պատմությանը և մշակութային արժեքներին, այցելել տեսարժան վայրեր։ Կազմակերպվել են ժամանցային և սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բաց դասախոսություններ՝ անվանի գիտնականների և մաթեմատիկայի մասնագետների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 8-րդ օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առկա ձևաչափով, պատանիների տարիքային խմբում մեր մասնակիցներն արժանացել էին 4 բրոնզե մեդալների։

 

  • Կիսվել: