շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
4 զոհ, 7 վիրավոր. Ռուսաստանը Կիևում բիզնես կենտրոնի է հարվածել

4 զոհ, 7 վիրավոր. Ռուսաստանը Կիևում բիզնես կենտրոնի է հարվածել

Այսօր կեսօրին ռուսական անօդաչու թռչող սարքը Կիևում հարվածել է բիզնես կենտրոնի, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ սպանվել է, առնվազն յոթը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածը հասցվել է Սոլոմյանսկի շրջանի գրասենյակային շենքի հարևանությամբ գտնվող կայանատեղիին։ Հրդեհվել են մեքենաներ և շենքը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարվածի թիրախը «Ինկոմ» բիզնես կենտրոնն է եղել, որտեղ տեղակայված է նաև տվյալների կենտրոն։

Նախօրեին էլ ռուսական ուժերը հարվածել էին բջջային կապի օպերատորների տեխնիկական և Կիևի տարածքում գործող տվյալների մշակման կենտրոններին։

Այս գիշեր ևս մայրաքաղաք Կիևը հարձակման էր ենթարկվել։ Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել էր նաև Կիևի և Օդեսայի մարզերին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ  Օդեսայում հարվածել են փոստային տերմինալի և մասնավոր տան: Մեկ կին զոհվել է, ևս մեկը վիրավորվել է:

Ուկրաինական զինուժն էլ անօդաչու թռչող սարքերով գիշերը հարվածել է Ռուսաստանի Պերմի երկրամասի, ինչպես նաև Վորոնեժի, Ռոստովի և Ուլյանովսկի մարզերի արդյունաբերական օբյեկտներին: Կան զոհեր և վիրավորներ:

  • Կիսվել: