Ընդդիմադիրների ասածներն ինձ հետաքրքիր չեն, ՀՀ-ում որևէ մեկը չի կալանավորվում խոսքի ազատության համար. Գալյան
Խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում, այլ կալանավորվում է այնպիսի երևույթների համար, որոնք քրեորեն հետապնդելի են։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը անդրադառնալով խոսքի ազատությամբ պայմանավորված կալանավորումների դեպքերին, նշել էր, որ այդ կալանքներից տպավորություն է, որ Հայաստանում կա երկարկի ստանդարտ։
«Այսինքն կարող է լինել հայտարարություն կամ խոսք, որը քրեորեն հետապնդելի է լինի և այդ մասին կարգավորում նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասում են, որ Նարեկ Սամսոնյանի դեպքում հենց «հետույք» բառի համար է հետապնդվում, նաև մեղադրանքում է այդպես, Գալյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ են ասում ընդդիմադիրները, առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ են ասում»։
Ինչ վերաբերում է Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի անդամների ու աջակիցների ձերբակալություններին, նախարարն ասաց. «Ես կարող եմ ասել, որ իրավասության մարմինները իրականացնում են իրենց լիազորությունները և սահմանափակված են օրենքով, և մենք ուղղակի պետք է հետևենք այն ամենին, ինչ իրենք են իրականացնում և որևէ մեկնաբանություն չեն կարող տալ, և իրավասության էլ չունենք»։


