չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է հրապարակային դարձնել դատավորների թեկնածուների մասին կարծիքները

Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է հրապարակային դարձնել դատավորների թեկնածուների մասին կարծիքները

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է փոփոխություններ կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ ամրագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները պետք է հրապարակման ենթակա լինեն: Նկատենք, որ այժմ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժովողի կողմից այդ տվյալները ենթակա չեռն հրապարակման, գրում է armlur.am-ը:

Եվ ահա, ընդդիմադիր խմբակցությունը գտնում է, որ դրանք պետք է հրապարակման ենթակա լինեն ու որպես հիմնավորում նշում է, որ եզրակացությունների հրապարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված եւ հիմնավոր չէ, ինչպիսի եզրակացության հանգել է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանն իր՝ 2017թ. հունիսի 20-ի ՍԴՈ-1374 որոշմամբ, անդրադառնալով հանրային ծառայության որոշ պաշտոնների հավակնող անձանց վերաբերյալ տվյալների մատչելիության հարցին, վերարտադրել է իր՝ 2012թ. մարտի 6-ի ՍԴՈ-1010 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության եւ հանրության առջեւ պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը եւ նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը:»:

Սահմանադրական դատարանը գտել է, որ հանրային պաշտոնների, մասնավորապես՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված հավակնորդների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին վերաբերող տվյալներն առնվազն այն հավակնորդների մասով, որոնք ընդգրկվել են դատավորների թեկնածությունների ցուցակում, հանրության համար ոչ մատչելի դարձնելը չի հետապնդում իրավաչափ նպատակ եւ հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին:

 

  • Կիսվել: