հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ արդարադատության իրացման գործում

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ արդարադատության իրացման գործում

 Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերներից և առաջնային լուծումներ պահանջող հարցերից է արդարության հաստատումը հասարակությունում։ Այս մասին ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը՝ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը:

«Այս կապակցությամբ հասարակության բոլոր ներկայացուցիչների տեսակետները կարելի է ասել լիովին համընկնում են, սակայն ցանկացած ժողովրդավարական հասարակությունում իրավական ինստիտուտների կայացման ողջ ընթացքում առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ու լուծումը դատական իշխանության նպատակներից մեկն է։ Դրանց շարքում առաջնայիններից է կոռուպցիայի դեմ պայքարն իր բոլոր դրսևորումներով»,- ընդգծեց Դանիելյանը։

Ելիզավետա Դանիելյանը  նշում է, որ գրեթե 32 տարի աշխատելով որպես դատավոր, մշտապես ուշադրության կենտրոնում է պահել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ առաջացող խնդիրները և դրանցով բազմաթիվ նախադեպային որոշումներ է կայացրել և իր համեստ ներդրումն է ունեցել իրավական դիրքորոշումների ձևավորման հարցում։

«Կարծում եմ, որ դատավորի աշխատանքային երկարամյա փորձառությունը և հմտությունները՝ հատկապես առաջին ատյանում աշխատելու որոշակի փորձառության առկայությունը, իմ պատկերացմամբ, այն կարևոր երաշխիքն է, որն ապահովելու է մարդու ճակատագիրը որոշելու բարձր պատասխանատվությունը՝ դա համատեղելով հակակոռուպցիոն պալատում իմ հետագա հնարավոր պաշտոնավարման ընթացքում առաջացող մարտահրավերների հետ։

Գրեթե մի ամբողջ կյանք նվիրել եմ դատական համակարգին, ես սիրում եմ դատավորի աշխատանքը, դատական իշխանության ներկայացուցիչ լինելը ինձ համար մեծ պատիվ է և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն  պալատում հետագա պաշտոնավարման նպատակը միմիայն պայմանավորված է այս տարիների փորձս մեր երկրի առջև ծառացած խնդիրների և նոր մարտահրավերների արագ և արդյունավետ լուծմանը նպաստելուն։ Ընտրության դրական արդյունքները հնարավորություն կտան ինձ շարունակել իմ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացման բարդ և պատասխանատու գործում, շարունակել ծառայել մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Դանիելյանը։

  • Կիսվել: