երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վիճակը ծանր է, խնդրում ենք ձեռք առնել համապատասխան միջոցառումներ. ԲԿ-ի գրությունը՝ Գրիգորյանի առողջության մասին

Վիճակը ծանր է, խնդրում ենք ձեռք առնել համապատասխան միջոցառումներ. ԲԿ-ի գրությունը՝ Գրիգորյանի առողջության մասին

Այս տարվա հունվարի 15-ին «Նաիրի» ԲԿ-ից ՀՀ դատախազություն գրություն է ստացվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով ամբաստանյալի առողջական վիճակի հետ կապված հարցի կարևորությունն ու հրատապությունը՝ առաջին ատյանի դատարանը որոշել է արտահերթ նիստ հրավիրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 15–ին հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանը։

Ինչպես հայտնի է՝ Մանվել Գրիգորյանը, սկսած 2019 թվականի օգոստոսի 8-ից, մինչ օրս գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Դատավորը հրապարակեց «Նաիրի» ԲԿ-ից դատախազություն ուղարկված գրությունը. «Հիվանդի վիճակը գնահատվել է կայուն միջին ծանրության։ Հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ներկա պահին հիվանդը  վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր, խնդրում ենք ձեռք առնել համապատասխան միջոցառումներ»։

Միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց հանձնաժողովի կարծիքը. «Փորձաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վերահսկվել են։ Փորձաքննությունը չի կատարվել մի քանի օրվա ընթացքում, այլ եղել է ժամանակատար։ Պարբերաբար հետևել ենք բժշկական փաստաթղթերի տվյալներին, որոնք արձանագրվել են «Նաիրի» ԲԿ-ում։ Բոլոր ախտորոշումները համընկնում են դատարանում հրապարակվածի հետ։

Ցավոք սրտի, ի հայտ է եկել վիճակի բարդացում։ Բժշկական տեսանկյունից դա ոչ ցանկալի բարդացում է, քանի որ այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Խոսքը սրտի ռիթմի խանգարումն է։ Դա անակնկալ, հանկարծակի եկած հանգամանք է։ Սրտի կծկումների հաճախականության հետ կապված կարող է բերել անկանխատեսելի ախտանիշների։ Սա արդեն վերջին ստադիան է։ Զարկերակային ճնշման թվերը սպառնացող են։ Այս վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»։

Փորձագետը հինգ րոպե ժամանակ խնդրեց՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու համար։ Դատավորը ընդմիջում հայտարարեց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

  • Կիսվել: