չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի դատավճիռը. նա 5,5 տարի կազատազրկվի

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի դատավճիռը. նա 5,5 տարի կազատազրկվի

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։

Դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ։ Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ հարությունյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 5,5 տարի ազատազրկման։

«Շնորհակալություն, պատվարժան դատարան»,-հայտարարեց զոհված տղաներից մեկի հարազատն ու որդեկորույս ծնողները ծափահարեցին։

«Աստված օրհնի Ձեր երեխաներին, այն մարդկանց, որոնք ունեն այնքան համարձակություն և չեն մասնակցում սրբապղծությանը»,-հայտարարեցին ծնողները։

Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։

Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանար, ու տուժող ծնողները ահազանգում էին, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։

 

Նշենք, որ դատավճռի դեմ բողոք է ներկայացրել նաեւ տուժող կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։

 

Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում մեղքը։

  • Կիսվել: