երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերաքննիչ դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների և դատախազության միջնորդության քննարկումը

Վերաքննիչ դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների և դատախազության միջնորդության քննարկումը

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։

Մասնավորապես, դատարանն այսօր լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները պնդել են, որ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու հիմքեր չկան, և խնդրել, որ միջնորդությունը մերժվի։

«ՍԴ որոշումից հետո, երբ փաստացի ապաքրեականացվել է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դատարանն ունեցել է իմպերատիվ պարտականություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին»,- նշել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, իր հերթին, ընդգծել է, որ գործի քննության այս փուլում, քանի դեռ դատարանը չի անցել ներկայացված բուն բողոքների քննարկմանը և չգիտի՝ դրանց մեջ խնդիր կա՞, թե՞ ոչ, հնարավոր չէ բավարարել դատախազության սույն բողոքը։

Վերաքննիչ դատարանը, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ հուլիսի 15-ին, 15։30-ին։

 

  • Կիսվել: