Վարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կփոխատեղվեն թվային տարբերակի. հարցը կքննարկվի ԱԺ-ում
ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից այդ վարորդական վկայականները կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների:
Մեկ այլ նախաձեռնությամբ մենք նաև սահմանում ենք, որ եթե պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է՝ վարորդական վկայականն իր մոտ չունենալը: Եթե նույնականացնում է անձին, և հավաստվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում»,- ասաց նա:
Այս պահին, ըստ փոխնախարարի, նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, որոնք ունեն վարորդական վկայականներ ՀՀ-ում, նրանց վարորդական վկայականները կփոխատեղվեն թվային վարորդական վկայականներով:
«Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, իսկ այն անձինք, որոնք նոր ձեռք կբերեն վարորդական վկայական, նրանց կտրվի ընտրության հնարավորություն, այն է՝ առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական: Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով: Այդ դեպքում տուրքը մի փոքր ավելին է, և անձը հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև ընդգծեց՝ թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ունենալ: