հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Վարդան Հարությունյանի պաշտպանները նրա խափանման միջոցը փոխելու հայցով դիմել են Վճռաբեկ դատարան

Վարդան Հարությունյանի պաշտպանները նրա խափանման միջոցը փոխելու հայցով դիմել են Վճռաբեկ դատարան

ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի պաշտպանները նրա խափանման միջոցը փոխելու հայցով դիմել են Վճռաբեկ դատարան։

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը, հայցը, ըստ օրենքի, պետք է քննվի մեկամսյա ժամկետում։ «Մինչև հոկտեմբերի վերջ պարզ կլինի՝ կբավարարվի մեր հայցը, թե ոչ։ Եթե այս անգամ էլ չբավարարվի, կդիմենք միջազգային դատական ատյաններ»,- նշեց նա։

Անդրիկյանը հավելեց, որ բուն գործի ընթացքում որևէ փոփոխություն չկա․ «Գործը դոփում է տեղում»։ Նա նաև հայտնեց, որ տասն օր առաջ Հարությունյանին տեղափոխել են «Երևան» ՔԿՀ-ի մեկ այլ խուց․ «Մինչ այս նա գտնվում էր Սամվել Կարապետյանի հետ նույն խցում, թե ինչու են տեղափոխել, պարզ չէ»։

Անդրիկյանը նաև հավաստեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ է,  հոգեվիճակը բարձր․ «Նա չի պատրաստվում ընկրկել անարդարության առջև»։

Նշենք, որ Հարությունյանը կալանավորված է օգոստոսի 8-ից։ Նա մեղադրվում է «ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ»։ մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն քրգործով որևէ ապացույց ձեռք չի բերվել այդ ընկերությանը Հարությունյանի առնչության վերաբերյալ և վարույթը կարճվել է։ Գործը վերաբացվել է յոթ տարի անց՝ առանց որևէ իրավական հիմքի և նոր փաստերի ի հայտ գալու։ Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «նախորդ քննության ժամանակ չեն իրականացվել որոշ քննչական գործողություններ, որոնք պետք է իրականացվեին»։ Սակայն այդ հիմքով ՀՀ-ում քննված յուրաքաքանչյուր գործ կամայականորեն կարող է վերաբացվել՝ սասանելով իրավական ինստիտուտների նկատմամբ մարդկանց վստահությունը։

Ինքը՝ Վարդան Հարությունյանը համարում է, որ իրեն կալանավորել են մի պատճառով՝ իր մտերիմ հարաբերությունների համար ներկայումս կալանավորված գործարար՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել կարապետյանի հետ։

  • Կիսվել: