Վարդան Հարությունյանի մեղադրանքների մասով վարույթը քննվել և դադարեցվել էր դեռևս 2018 թվականին. Փաստաբան
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պատրաստվում է քննության առնել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ամիրյանին։
«Մեր կողմից ներկայացված բողոքով վիճարկել ենք թե՛ «հիմնավոր կասկածի» առկայությունը, թե՛ կալանքի կիրառման իրավաչափությունը։ Մասնավորապես՝ ընդգծել ենք, որ մեղադրանքների բոլոր բաղադրիչների մասով քննություն արդեն իսկ իրականացվել է և վարույթը դադարեցվել է 2018 թվականին», - նշել է Հարությունյանի պաշտպաններից՝ Արմեն Անդրիկյանը։
Նա նաև ընդգծել է, կալանքի հիմքերի վերաբերյալ դատարանի որոշումը նույնպես հիմնավորված և փաստարկված չէ։ «Ոչ մի հիմք գոյություն չունի կարծելու, թե Վարդան Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը», - ընդգծել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել է օգոստոսի 8-ին։ Նրան առաջադրված մեղադրանքները վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելուն, հակամրցակցային գործունեությանը և փողերի լվացմանն առնչվող դրույթներին։ Մինչդեռ հարկ է արձանագրել, որ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն իրականացվել էր դեռևս յոթ տարի առաջ, և քրեական վարույթը կարճվել էր՝ բացակայող հիմքերի պատճառով։ Խոսքը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործին, որի շուրջ 2018 թվականին իրականացված քննությունը փակվել էր նույն հանգամանքներով։ Այսօր իրավապահները, փաստացի, կրկին փորձում են հարուցել գործ՝ արդեն իսկ կարճված վարույթի նյութերի հիման վրա։


