հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վաչագան Ղազարյանի համաներումը ուշանում է․ Փաստաբան

Վաչագան Ղազարյանի համաներումը ուշանում է․ Փաստաբան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ննկատմամբ համաներման որոշումը կիրառելու մասին միջնորդություն ենք ներկայացրել, բայց այն ուշանում է։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։

«Համաներման մասին որոշումը արդեն պարտավոր էին կայացնել, բայց դեռ սպասում ենք», -փոխանցեց փաստաբանը։

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը՝ Վաչագան Ղազարյանը, ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, բայց միևնույն է, չի ընդունելգործում իր մասին նշված որևէ մեղադրանք:

«Նա իհարկե, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ո՞նց կարող է ընդունել: Դա ծիծաղելի մեղադրանք է», -ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբանը։

Հիշեցնենք՝ Վաչագան Ղազարյանին երկրորդ անգամ էր մեղադրանք առաջադրվել։ Մասնավորապես, մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Ավելին, ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ։

  • Կիսվել: