Փարաքարում ոստիկանները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի վերաբերյալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքում օրեր շարունակ ուժեղացված հսկողություն է սահմանված։ Հատկապես լարված է իրավիճակը Մերձավան բնակավայրում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։ Տեղեկացանք, որ ոստիկանությունը հսկում է և՛ Գրիգորյանների, և՛ Ախտոյանների և՛ Նարեկ Օհանյանի բնակարանները:
Մեր իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, իսկ ծառայողները, մինչև ատամները զինված, հսկում են գյուղի անցուդարձը։ Պատճառը Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունն է։ Իրավապահները չեն բացառում, որ դեպքից հետո կարող է տեղի ունենալ վենդետա, քանի որ քննության ընթացքից դժգոհ են և՛ տուժող և՛ սպանության համար մեղադրվող կողմերը։
Միևնույն ժամանակ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուժեղացված ծառայության մեջ ներգրավված ոստիկանների շրջանում դժգոհություններ են բորբոքվում. նրանք դժկամությամբ են արձանագրում, որ օրուգիշեր ստիպված են հերթապահել Փարաքարի փողոցներում։
«Հնարավոր չէ ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը և կանխել ծանր հանցանքները», – մեզ հետ զրույցում ընդգծել է ոստիկանական աղբյուրը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության հաջորդող ամիսներին ևս նույն համայնքում ուժեղացված հսկողություն էր սահմանվել։ Նույնիսկ հենակետեր էին տեղակայվել, սակայն այդպես երկարաժամկետ շարունակվել չէր կարող։
Արդյունքում, որոշ ժամանակ անց հսկողությունը թուլացավ, հենակետերը հանվեցին, և հնչեցին դավադիր կրակոցներ, որոնց արդյունքում սպանվեցին երկու երիտասարդ տղամարդիկ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


