շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծանրամարտիկին խոշտանգելու գործը հասավ դատարան

Ծանրամարտիկին խոշտանգելու գործը հասավ դատարան

Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի պատանիների չեմպիոն Արմեն Ղազարյանին եւ նրա ծանոթ Վլադիմիր Օհանյանին խոշտանգելու գործն արդեն դատարանում է։ Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատաանի դատավոր Աննա Մաթեւոսյանին։ Նիստի օր, սակայն, դեռ չի նշանակվել։ 

 Ըստ մեղադրանքի՝  նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ  Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։

Տուժող Արմեն Ղազարյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը դատարանից  մեծ ակնկալիքներ ունի։ Հույս ունի, որ  3 ամբաստանյալներն էլ խոշտանգման համար  կենթարկվեն քրեական պատասխանատվության։ «Նաեւ  դատարանից հույս ունեմ որ վերջնական դատավճռով կանդրադառնա հոգեբանական տառապանքին,քանի որ մեղադրանքի ծավալի մեջ նաև ներառված է հոգեբանական տառապանքը։ Ամբողջ ծավալով կբացահայտվի թե ֆիզիկական  ցավի,  և թե հոգեբանական տառապանքի հանգամանքը»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը։ 

 Արմեն Ղազարյանը ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ եւ կապտուկներ։ Նա նշել էր, որ իրեն անընդհատ 5-6 հոգի ծեծի էին ենթարկել, եւ իր մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ  ոստիկանության բաժնի բոլոր աշխատակիցները իրեն ծեծի էին ենթարկել։    

   Իսկ Արմեն Ղազարյանը ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ ընդամենը փորձել էր պարզել, թե ինչու են իր ծանոթին բերման ենթարկում։   Խոսքը կենցաղային մի պատմության մասին է: Նոր Նորքի ոստիկաններից մեկի կինը տոնական փուչիկներ էր վաճառել Վլադիմիր Օհանյանի կնոջը, վերջինս դժգոհել էր ծառայությունից։ Գործին էլ խառնվել էին ոստիկան ամուսինն ու նրա կոլեգաները։ Գործով երեք ամբաստանյալներն էլ կալանավորված են։  

   Խոշտանգման գործով  չպարզված այլ ծառայողներ էլ կան։ Այս մասով ՀՔԾ-ում  դեռ նախաքննություն է ընթանում։ 

  • Կիսվել: