կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ծանր հիվանդության դեպքում անձը ազատ կարձակվի պատժի հետագա կրումից․ Օրինագիծը ընդունվեց

Ծանր հիվանդության դեպքում անձը ազատ կարձակվի պատժի հետագա կրումից․ Օրինագիծը ընդունվեց

Այսօր Ազգային ժողովը օրվա ավարտին 86 կողմ ձայներով ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագիծը, որը պատգամավորներին ներկայացրել էր Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, առաջարկում էր քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել հնարավորություն, որ ծանր հիվանդության դեպքում անձ ազատ արձակվի կալանքից։ Առաջին ընթերցումից հետո օրինագծում խմբագրական փոփոխություններ էին կատարվել, նախագիծը լրամշակվել էր:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն:

Փոխնախարար ասաց, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով: Ըստ փոխնախարարի, այսօր անազատության մեջ կան անձինք, որոնք ունեն այնպիսի հիվանդություններ, որ երբեմն համատեղելի չեն պատժի կրման կամ որպես խափանման միջոց կալանավորման կրման հետ։

«Խնդիր ունենք այս մարդկանց օր առաջ հնարավորություն ընձեռելու, որ նրանք ազատվեն պատժի հետագա կրումից Քրեական օրենսգրքով սահմանված համապատասխան կարգով։ Նախագիծը միտված է նրան, որ միջնորդագիրը դատարան ներկայացվելուց հետո անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում հաջորդ օրը քննարկման առարկա դարձվի դատարանի կողմից»,- ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: