հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Տնտեսվարող սուբյեկտներ են դիմել, որ պատրաստվում են գիշերային ակումբ կառուցել, բայց երաշխիք են ուզում, որ իրենց չենք խոչընդոտի. Մանրիկյան

Տնտեսվարող սուբյեկտներ են դիմել, որ պատրաստվում են գիշերային ակումբ կառուցել, բայց երաշխիք են ուզում, որ իրենց չենք խոչընդոտի. Մանրիկյան

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը, ներկայացնելով իրեն ուղղված դիմումները, հարց բարձրացրեց՝ պատկերացրեք գիշերային ակումբ է կառուցվում իքս վայրում, որտեղ չկա ոչ մի բնակելի շինություն, և ինչ-որ ժամանակ հետո հարակից հատվածում բազմաբնակարանային շենք է հայտնվում:

Նա նշեց. «Մենք մինչ այժմ այդ կարգավորումներ չունենք, տնտեսվարող սուբյեկտներ են դիմել, որ պատրաստվում են գիշերային ակումբ կառուցել, բայց երաշխիք են ուզում, որ վաղը-մյուս օրը մենք իրենց համար խոչընդոտ չենք հանդիսանա: Կա կոնկրետ ներդրող, որը մոտավորապես 3 միլիոն դոլարի ներդրում է անելու գիշերային ակումբ կառուցելու համար, նամակը կա, կարող եմ ցույց տալ, բայց մարդը մտավախություն ունի, ռիսկը մեծ է, ասում է այնպես չլինի՝ հետո խնդիրների առաջ կանգնեմ»:

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, պատասխանելով նրա հարցին, ասաց, որ ավագանին  օրենք ընդունողը չէ, օրենքը կա, գործում է, իրենք ընդամենը 100 մետր հեռավարությունն են նախատեսել:

Նրա խոսքով՝ թույլտվություն տալիս հարակից տարածքներն են ուսումնասիրում, և պետք է լինի հստակ կարգավորում: Հարությունյանը նշեց. «Հենց հիմա կա խնդրահարույց դեպք. կա ռեստորան, և ոչ 100 մետր հեռու կա սգո սրահ և ժամանակին ինչ-որ ձևի կոնսեnսուս է եղել, աշխատել են իրար հետ, հիմա այս մեկը ասում է՝ իրան մի տվեք լիցենզիա, այն մեկն ասում է՝ իրեն մի տվեք: Արդյունքում երկուսն էլ չունեն լիցենզիա, և երկուսի հանդեպ էլ կա վարույթ:

 Այո, կա այդ խնդիրը, բայց մենք ունենք օրենքով կարգավորում, որ իրենք կարող են փոխհամաձայնության գալ»;

  • Կիսվել: