ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտումը

Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտումը

Արտաշատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում 42-ամյա կինը գոմում ապօրինի պահում է թմրանյութ, որը պատկանում է ընկերոջը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա ընկերն է օրեր առաջ այցելել և գոմում պահել թմրանյութը։

42-ամյա կնոջ մայրը իրավապահներին ներկայացրել է մոտ 50 գրամ կանեփանման բույսի ճյուղերով փաթեթ և ստվարաթղթե արկղ՝ լցված մոտ 68 գրամ չորացված-մանրացված կանեփանման զանգվածով։

Արտաշատի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը Նշանավան բնակավայրում էր։
Ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մխչյան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը Նշանավանում ապօրինի պահում է թմրանյութ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկաններն այցելել են նշված հասցե: Տանտերերը իրավապահներին են ներկայացրել չորացված կանեփանման զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 21 գրամ։
Մխչյանցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ և խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածներն իրենն են` անձնական օգտագործման համար են։

Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: