ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստան

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստան

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
 
Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման և առկա ոլորտային միջազգային հանձնառությունների իրացման հաստատակամությունը:
 
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ուղղությամբ տարված աշխատանքները, այդ թվում՝ շահերի բախման, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, լոբբիստական գործունեության թափանցիկության վերաբերյալ մի շարք հարցեր:
 
Հանդիպմանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ Ազգային ժողովի, վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2024 թ․ հուլիսին միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնությանը: Նախաձեռնության շրջանակներում գնահատվել են հանրային բարեվարքության երկու ոլորտներ՝ «Ռազմավարական շրջանակի որակ» և «Հանրային քաղաքականության հաշվետվողականություն»:

  • Կիսվել: