Տեսել եմ պատկեր, որը բավարար չէ հետևություն անելու համար. Գալյանը՝ բերանը փակած քաղաքացուն եկեղեցուց հանելու մասին
Շնորհիվ մեր քաղաքացիների, որոնք ժողովրդական լեզվով ասած «թեգել» էին ինձ այդ պատկերի վրա, ես նայեցի և տեսա թե ինչ է տեղի ունեցել, տեսել եմ մի պատկեր, որտեղ անվտանգության աշխատակիցները, քաղաքացու բերանը փակած, նրան փորձում էին X վայրից տեղափոխել Y վայր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ կիրակի օրը Հովհաննավանքում անհամաձայն քաղաքացուն բերանը փակելով դուրս են հանում եկեղեցու տարածքից։
Հարցին՝ որքանո՞վ է դա ժողովրդավարական երկրում թույլատրելի, նախարարը պատասխանեց. «Դուք եղե՞լ եք այնտեղ, լսե՞լ եք ինչեր է ասել տվյալ քաղաքացին։ Գիտեք, ինչ-որ իրավիճակում այդ գործողությունը կարող է իրավաչափ գնահատվել, ինչ-որ իրավիճակում՝ բացարձակ ոչ։ Այսինքն եթե մենք չգիտենք ելակետերը, որոնց հիման վրա գործել են տվյալ աշխատակիցները, որևէ գնահատական տալ չենք կարող։ Ես դրա համար միշտ հղում եմ կատարում իրավապահ մարմիններին, քանի որ գնահատական տալու գործը միայն նրանցն է։ Ես այնտեղ չեմ եղել, չեմ լսել՝ ինչ է ասել քաղաքացին, տեսել եմ պատկեր, որը ինձ համար բավարար չէ որևէ հետևություն անելու համար, և կարծում եմ որևէ մեկի համար բավարար չէ։
Ամեն դեպքում, ցանկացած պարագայում բռնության գործադրումը անընդունելի է, եթե դա համաչափ չէ և իրավաչափ չէ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստվո՞ւմ է կիրակի մասնակցել Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, որին մասնակցելու է վարչապետ Փաշինյանը, Գալյանն արձագանքեց. «Եթե քաղաքում լինեմ, այո, ամենայն հավանականությամբ»։


