ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ճշմարտությունը բացահայտված չէ, ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ. Ազատ գյուղի կացարանի գործով պաշտպան

Ճշմարտությունը բացահայտված չէ, ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ. Ազատ գյուղի կացարանի գործով պաշտպան

Խնդիրը կայանում է նրանում, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, որոնք եւ ակնկալիք կար, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ, իր իրավասությունների շրջանակում իրականացրել է համապատասխան ապացույցների ձեռքբերման գործընթաց եւ հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:

«Այս առումով տուժողները նույնպես շահագրգռված են եւ հետամուտ են լինելու մինչեւ ճշմարտության լիակատար եւ վերջնական բացահայտմանը: Մեր խնդիրը ցույց տալն է, որ տեղի է ունեցել դեպքի վայրի էապաես խախտում, խեղաթյուրում, որ համապատասխան իրավասու մարմինները չեն ձեռնարկել իրենց իրավասոււթյուններից կախված բոլոր գործընթացները այս գործի ամբողջական բացահայտման համար եւ հանրային մեղադրողների ջղային վարքագիծը դրանով է պայմանավորված, որ մենք ճիշտ տեղին,  ճիշտ թիրախավորում ենք ներկայացնում: Ակնհայտ է նաեւ, որ վկայի պահվածքը, նրա ցուցմունքները, ինձ բերում են նրան, որ փորձում են իրականությունը խեղաթյուրել, կեղծ ցուցմունք ներկայացնել:  Ոչ միայն այս վկայի, այլեւ բոլոր հարցաքննված անձանց տված ցուցմունքների միջեւ է առկա էական հակասություն, եւ տեսնում ենք, որ մեղադրյալ Եղիշե Հակոբյանն է փորձում որոշակի հարցադրումների միջոցով փորձում է որոշակի ենթատեքստ պարունակող տեղեկություններ  հաղորդել, այն դեպքում, երբ որ իրենցից ենք մենք ակնկալում իրականությունը: Այս պայմաններում երբ ինչպես մեղադրյալը, այնպես էլ վկաները իրարամերժ տարամերժ ցուցմունքներ են տալիս, ինչու պետք է տուժողները հավատան այն պաշտոնական վարկածին, որը դրված է շրջանառության մեջ: Մենք գտնում ենք, որ այս պայմաններում ճշմարտությունը բացահայտված չէ, ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, վկաները եւ մեղադրյալը չեն տալիս արժանահավատ ցուցմունքներ, որոնք եւ ավելի մեծ հարցեր են առաջացնում, ինչը առնվազն տարակուսանք է առաջացնում մեզ մոտ, բայց մենք հատիկ առ հատիկ փորձելու ենք կենտրոնանալ խնդրի վրա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

  • Կիսվել: