կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թաթոյանն այցելել էր Արարատի մարզ՝ ուսումնասիրելու ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքները բնակիչներից

Թաթոյանն այցելել էր Արարատի մարզ՝ ուսումնասիրելու ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքները բնակիչներից

Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում: Չպետք է թողնենք, որպեսզի մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հաղորդագրության մեջ նշված է. ՛՛Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Անհրաժեշտ էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները:

Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի հետ: Հարցերը տեղում քննարկվել են նաև համայնքի ղեկավարի և ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Այնուհետև, այս և այլ թեմաներով Պաշտպանը զրուցել է բնակիչների հետ, որոնք բարձրացրել են նաև խմելու ջրի հետ կապված խնդիրներ:

Այս բոլոր հարցերը վաղը կամփոփենք և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնական գրություն կհասցեագրվի ՀՀ Ջրային կոմիտե և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այլ մարմիններ ևս:

Հ.Գ. Վիրուսի կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում՛՛:

 

  • Կիսվել: